Armenian text to speach

Visa-ի, Mastercard-ի և JPMorgan-ի հաճախորդների տվյալներն արտահոսել են հաքերային հարձակման հետևանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Visa-ի, Mastercard-ի և ամերիկյան JPMorgan Chase բանկի որոշ հաճախորդների տվյալներ են հայտնվել հաքերների ձեռքում։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

Ըստ պարբերականի՝ տվյալների արտահոսքը տեղի է ունեցել ոչ թե ֆինանսական ընկերությունների սեփական համակարգերի, այլ նրանց ծառայություններ մատուցող երրորդ կողմի կազմակերպությունների դեմ իրականացված հարձակման հետևանքով։

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է n0n անունով հաքերային խմբավորումը, որը հայտնի է փրկագին պահանջող կիբեռհարձակումներով։

JPMorgan-ի դեպքում հարձակվողները, ըստ բանկի, կարող էին հասանելիություն ստանալ նաև հաճախորդների անուններին և էլեկտրոնային հասցեներին։ Associated Press-ի տվյալներով՝ արտահոսած տեղեկությունների թվում եղել են նաև որոշ հեռախոսահամարներ։

Միաժամանակ ընկերությունները շեշտել են, որ իրենց սեփական համակարգերը չեն վնասվել, վճարային քարտերի համարները և վճարումների տվյալները չեն արտահոսել, իսկ ծառայությունների աշխատանքը չի խափանվել։

Visa-ն հայտնել է, որ միջադեպը կապված է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գործող երրորդ կողմի ծառայություն մատուցողի հետ։ Mastercard-ի փոխանցմամբ՝ բացահայտվել է իր հատուկ արտոնությունների ծրագրում ընդգրկված քարտապանների սահմանափակ խմբի էլեկտրոնային հասցեների մի մասը։ JPMorgan-ն էլ հայտնել է, որ հարձակման հետևանքով կարող էին հասանելի դառնալ իր մատակարարների մոտ պահվող մարքեթինգային տվյալները։

Հատկանշական է, որ ընկերությունները չեն հրապարակել հարձակման ենթարկված երրորդ կողմի կազմակերպությունների անունները։ Կիբեռանվտանգության մասնագետները նաև նշում են, որ նման արտահոսքերը կարող են մեծացնել հաճախորդների նկատմամբ թիրախավորված խարդախ նամակների և ֆիշինգային հարձակումների վտանգը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում վերջին օրերին մի շարք տեխնոլոգիական խափանումներ են գրանցվել, այդ թվում՝ JPMorgan-ի որոշ բանկային ծառայությունների աշխատանքի խափանում։ Բանկը, սակայն, ընդգծել է, որ տվյալների արտահոսքը կապ չունի այդ միջադեպի հետ, որը պայմանավորված էր ծրագրային սխալով։

Անի Վարդանյան



Մամուլի Տեսություն

Լրահոս