Armenian text to speach

Ո՞վ է ՌԴ-ում Հայաստանի նորանշանակ դեսպան Սամվել Մկրտչյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի նախագահը Սամվել Մկրտչյանին նշանակել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

ArmLur.am-ը ներկայացնում է, թե ով է Հայաստանի նորանշանակ դեսպանը, ինչ ճանապարհ է անցել դիվանագիտական համակարգում և ինչ պաշտոններ է զբաղեցրել։

Սամվել Մկրտչյանը ծնվել է 1959 թվականի մայիսի 17-ին Երեւանում։

1976-1981 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, իսկ 1981-1984 թվականներին՝ ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրայում։ 1993 թվականին ավարտել է Լիդսի համալսարանի դիվանագիտական դասընթացները։

Մկրտչյանի աշխատանքային ուղին սկսվել է 1981 թվականին։ Մինչև 1984 թվականը աշխատել է ՀԽՍՀ պետական պատմական արխիվում, ապա՝ 1984-1991 թվականներին, Գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտում։

1991 թվականին աշխատանքի է անցել ՀՀ արտաքին գործերի նախարարությունում՝ զբաղեցնելով Եվրոպայի վարչության սկանդինավյան և բալթյան երկրների պատասխանատուի պաշտոնը։ 1991-1994 թվականներին եղել է ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի պատասխանատուն։

1995-1997 թվականներին եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայկական բանակցային խմբի անդամ, իսկ 1996-1999 թվականներին՝ Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին վերանայված պայմանագրի ՀՀ բանակցային խմբի անդամ։

1997-1998 թվականներին Ավստրիայում, Հունգարիայում և Սլովակիայում Հայաստանի ներկայացուցչությունում զբաղեցրել է գործերի հավատարմատարի պաշտոնը՝ նստավայրը Վիեննայում։

1994-2000 թվականներին եղել է ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավարի տեղակալ, ինչպես նաև ՄԱԿ-ի Վիեննայում տեղակայված կառույցներում, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունում և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում Հայաստանի մշտական ներկայացուցչի տեղակալը։

2000-2004 թվականներին ղեկավարել է ԱԳՆ Եվրոպայի վարչությունը, իսկ 2004-2010 թվականներին եղել է ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավարը։

2011-2016 թվականներին զբաղեցրել է ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետի պաշտոնը։

2016-2018 թվականներին եղել է Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը՝ նստավայրը Բեյրութում, իսկ 2018-2023 թվականներին՝ Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը՝ նստավայրը Վարշավայում։

Սամվել Մկրտչյանն ունի արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։ Տիրապետում է անգլերեն և ռուսերեն լեզուներին։ Ամուսնացած է, ունի երկու զավակ։

Այսպիսով, Ռուսաստանում Հայաստանի նորանշանակ դեսպանը դիվանագիտական համակարգում շուրջ երեք տասնամյակի աշխատանքային փորձ ունի, այդ թվում՝ ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավարի և երկու երկրներում ՀՀ դեսպանի պաշտոններում։

Հիշեցնենք, որ   ավելի վաղ նախագահը հրաման էր ստորագրել , որով  Գուրգեն Արսենյանը հետ է կանչվել ՌԴ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից։

Անի Վարդանյան




Մամուլի Տեսություն

Լրահոս