Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքում տեղի ունեցած խմբակային ծեծկռտուքի մասին ՆԳՆ-ի հրապարակային պարզաբանումը սահմանափակվել է երկու տեղեկությամբ՝ բախումը տեղի է ունեցել, ոստիկանությունում ստացված տեղեկությունը փոխանցվել է Քննչական կոմիտե։
Քննչական կոմիտեն նապաքննություն է տանում, իսկ հանրային հարցերը շարունակում են շատանալ. ինչու իրավապահները գոնե գյուղերում չեն տիրապետում օպերատիվ իրավիճակին, որ կանխեն հնարավոր բախումները: Իսկ այս բախումը եղել է մեծամասշտաբ խմբակային ծեծ:
Ղազախստանում սկսված վեճի հետքը
ArmLur.am-ին համայնքից տեղեկություններ հասան այն մասին, որ պատմությունը սկսվել է Ղազախստանում՝ շուրջ 380 հյուրի մասնակցությամբ կայացած նշանդրեքի ժամանակ։ Հյուրերի թվում եղել են Գավառից, Սարուխանից, Նորատուսից և այլ բնակավայրերից մեկնած անձինք, ինչպես նաև Հայաստանից երաժիշտներ ու երգչախմբի անդամներ։
Ըստ նույն աղբյուրի, գյուղի բնակիչ Տիգրան Յոլչյանի և երաժիշտների միջև վեճ է ծագել, որը հայհոյանքներից վերածվել է ծեծկռտուքի։ Նույն աղբյուրների վարկածով՝ Հայաստան վերադառնալուց հետո Յոլչյանը փորձել է շարունակել հաշիվների պարզաբանումը Սարուխանում, որտեղ բախման մեջ ներգրավվել են նաև այլ անձինք։
Ծեծի ենթարկված երիտասարդների մեջ եղել են Արցախյան պատերազմի մասնակից վիրավորներ, բայց դա էլ չի կաշկանդել:
Մինչ օրս չկա պարզաբանում. ովքեր են բերման ենթարկվել, ինչ կարգավիճակ ունեն գործում և ընդհանրապես քննությունն ինչ փուլում է:






















