Armenian text to speach

Նոր Սահմանադրության նախաբանից հանվել է Անկախության հռչակագրի հղումը․ այլևս չեն հիշատակվում ԼՂ-ն ու Հայոց ցեղասպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոր Սահմանադրության նախագծով ամբողջությամբ վերաշարադրվել է նաև Սահմանադրության նախաբանը։ Եթե գործող Սահմանադրության նախաբանում հստակ հղում կա Հայաստանի անկախության մասին հռչակագրին, ապա նոր տարբերակում այդ հղումն այլևս չկա։ Փոխարենը շեշտադրվում է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ պետություն կառուցելու նպատակը։

Գործող Սահմանադրության նախաբանում ասվում է.

«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»։

Մինչդեռ նոր նախագծի նախաբանում առաջարկվում է հետևյալ ձևակերպումը.

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, հանուն մեր պետականության հարատևության ու զարգացման, առաջնորդվելով մեր միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ, բարեկեցիկ պետություն կառուցելու առաքելությամբ և այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու հանձնառությամբ, ընդունում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։

Սահմանադրությունը մեր հավաքական պայմանավորվածությունն է Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին»։

Փոփոխության ուշագրավ հանգամանքներից մեկն այն է, որ գործող նախաբանում Հայաստանի անկախության մասին հռչակագիրը հիշատակվում է որպես Սահմանադրության ընդունման հիմք, մինչդեռ նոր տարբերակում այդ ձևակերպումը բացակայում է։

Հիշեցնենք, որ 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրում առկա են նաև Լեռնային Ղարաբաղի և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ դրույթներ։

Մասնավորապես, Հռչակագրի նախաբանում հիշատակվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի՝ Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշումը, իսկ 11-րդ կետով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։

Նոր Սահմանադրության նախաբանում այս դրույթներին հղում չկա։ Փոխարենը ներառվել է «միջազգայնորեն ճանաչված տարածքում» պետություն կառուցելու ձևակերպումը։

Սոնա Գրիգորյան




Մամուլի Տեսություն

Լրահոս