Armenian text to speach

Սահմանադրության նոր նախագծով փոխվում է զինված ուժերի ղեկավարման և կիրառման կարգը․ ի՞նչ է առաջարկվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սահմանադրության նոր նախագծով փոփոխություններ են առաջարկվում զինված ուժերի ղեկավարման, ենթակայության և կիրառման կարգում։ Եթե գործող Սահմանադրությամբ զինված ուժերի կիրառման մասին որոշումն ընդունում է Կառավարությունը, իսկ անհետաձգելի անհրաժեշտության դեպքում՝ վարչապետը՝ պաշտպանության նախարարի առաջարկությամբ, ապա նոր նախագծով վարչապետին վերապահվում է զինված ուժերի գերագույն հրամանատարի կարգավիճակ՝ անկախ պատերազմական կամ խաղաղ ժամանակաշրջանից։

«Ժողովուրդ» օրաթերթը համեմատել է գործող Սահմանադրության 155-րդ հոդվածը և նոր նախագծի 57-րդ հոդվածը՝ պարզելու, թե ինչ փոփոխություններ են առաջարկվում։

Առաջին էական փոփոխությունը վերաբերում է զինված ուժերի ենթակայությանը։ Գործող կարգավորմամբ զինված ուժերը գտնվում են Կառավարության ենթակայության ներքո։ Նոր նախագծով այս դրույթը պահպանվում է, սակայն ավելացվում է կարևոր լրացում․ զինված ուժերը լինելու են նաև Ազգային ժողովի վերահսկողության ներքո։ Այսպիսով, առաջարկվող կարգավորմամբ խորհրդարանական վերահսկողությունը հստակ ամրագրվում է Սահմանադրության մեջ։

Փոփոխություն է նախատեսվում նաև զինված ուժերի գերագույն հրամանատարի կարգավիճակի հարցում։ Գործող Սահմանադրությամբ վարչապետը զինված ուժերի գերագույն հրամանատարն է միայն պատերազմի ժամանակ։ Նոր նախագծով այս սահմանափակումը վերացվում է, և վարչապետը գերագույն հրամանատար է համարվում ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական ժամանակաշրջանում։

Զինված ուժերի ղեկավարումը ևս այլ կերպ է սահմանվում։ Գործող Սահմանադրությամբ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է Անվտանգության խորհուրդը, իսկ պաշտպանության նախարարը այդ ուղղությունների շրջանակում իրականացնում է զինված ուժերի ղեկավարումը։ Նոր նախագծով Անվտանգության խորհրդի՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանելու մասին դրույթն այլևս ներառված չէ, և ուղղակիորեն ամրագրվում է, որ զինված ուժերի ղեկավարումն իրականացնում է պաշտպանության նախարարը։

Գլխավոր շտաբի պետի նշանակման և ենթակայության կարգում ևս փոփոխություններ կան։ Երկու տարբերակներում էլ զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը։ Սակայն գործող Սահմանադրությամբ գլխավոր շտաբի պետը պաշտպանության նախարարին ենթակա է միայն ոչ պատերազմական ժամանակ, մինչդեռ նոր նախագծով այդ սահմանափակումը հանվում է։ Այսինքն՝ առաջարկվող կարգավորմամբ գլխավոր շտաբի պետը պաշտպանության նախարարին ենթակա է լինելու նաև պատերազմի ժամանակ։ Բացի այդ, նոր նախագծում այլևս նշված չէ, որ նշանակումը կատարվում է օրենքով սահմանված ժամկետով։

Այսպիսով, նոր նախագծով մի կողմից վարչապետի՝ զինված ուժերի գերագույն հրամանատարի լիազորությունը տարածվում է նաև խաղաղ ժամանակաշրջանի վրա, մյուս կողմից՝ սահմանվում է Ազգային ժողովի վերահսկողություն և արտերկրում զինված ուժերի կիրառման համար խորհրդարանի համաձայնության պահանջ։ Փոփոխվում է նաև գլխավոր շտաբի պետի ենթակայության կարգը և անհետաձգելի իրավիճակներում վարչապետի որոշում կայացնելու ընթացակարգը։

Սոնա Գրիգորյան




Մամուլի Տեսություն

Լրահոս