ArmLur.am-ը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ միջգերատեսչական աշխատանքային խումբ կստեղծվի՝ «Սևան» ազգային պարկի «Հարսնաքար» հանգստի գոտուց մինչև Սևանի թերակղզի ճեմուղու կառուցմանն առնչվող հարցերն ուսումնասիրելու նպատակով։
Ըստ վարչապետի որոշման՝ աշխատանքային խումբը կուսումնասիրի ճեմուղու կառուցման հետ կապված գույքային, հողօգտագործման, քաղաքաշինական, բնապահպանական, ֆինանսական և կազմակերպական հարցերը։
Աշխատանքային խմբում ընդգրկվելու են տարբեր պետական մարմինների ներկայացուցիչներ։ Նրանց թեկնածությունները համապատասխան մարմինների ղեկավարները պետք է ներկայացնեն խմբի ղեկավարին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում։
Աշխատանքային խմբի կազմում ներկայացուցիչներ ունենալու առաջարկ է ներկայացվելու նաև Սևան համայնքի ղեկավարին և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին։
Գեղարքունիքի մարզպետը պետք է հինգ աշխատանքային օրվա ընթացքում նշանակի աշխատանքային խմբի քարտուղարին և ապահովի դրա կազմակերպատեխնիկական սպասարկումը։
Հատկանշական է, որ աշխատանքային խմբի ղեկավարին հանձնարարվել է երկու ամսվա ընթացքում վարչապետին ներկայացնել ուսումնասիրությունների արդյունքներով կազմված ամփոփ զեկույցն ու առաջարկությունները։
Միաժամանակ ուժը կորցրած է ճանաչվել 2020 թվականի հուլիսի 16-ի՝ նույն հարցով աշխատանքային խումբ ստեղծելու մասին վարչապետի N 810-Ա որոշումը։




























