Նախկին ոստիկանապետի գործը դատարանում է. տարեց կնոջ սպանության հետքերով Երևանի Ֆրունզեի փողոցում տեղի ունեցած տարեց կնոջ աղմկահարույց սպանության գործով նոր զարգացումներ կան։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ քրեական գործը գտնվում է Երևանի քրեական դատարանի դատավոր Սաթենիկ Անդրեասյանի վարույթում։ Սպանության և ավազակության մեջ մեղադրվում է Սիսիանի ոստիկանության բաժնի պետի նախկին տեղակալ Գարիկ Մուրադյանը, իսկ նրան օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել Կարեն Երաշխանի Պետրոսյանին։
Գործով մեղադրյալ է նաև Գոռ Խանեսյանը: Ըստ մեղադրանքի՝ Պետրոսյանը նախապես տեղեկացված է եղել Եվգենյա Քեսոյանին սպանելու և ավազակություն կատարելու Մուրադյանի մտադրության մասին և նրան տրամադրել է անհրաժեշտ տեղեկություններ ու տրանսպորտային միջոց։ Սա դեպքերից մեկն է, քանի որ բնակարանային գողություն կատարելու համար երկու տարեց կանանց սպանության մեջ է մեղադրվում նախկին փոխոստիկանապետը:
Դատագենետիկական փորձաքննությամբ սպանված կանանցից մեկի եղունգների տակ Մուրադյանի մարմնի մաշկից կտորներ էին հայտնաբերվել, իսկ մյուս սպանված կնոջ արյան հետքերը եղել էին Մուրադյանի գրպանում առկա թղթադրամների վրա։ Տարեց կանայք սպանվել էին մոտ 20 օրվա տարբերությամբ, նույն եղանակով, ասել է թե՝ առանձնակի դաժանությամբ։
Այսպիսով, պետք է արձանագրել, որ հանցագործությունների բացահայտմամբ զբաղված նախկին ոստիկանն այժմ ինքն է հայտնվել առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքով ամբաստանյալի աթոռին։ Հավելենք, որ Գարիկ Մուրադյանը ոստիկանական համակարգում պաշտոնի առաջխաղացում է ունեցել հետհեղափոխական Հայաստանում՝ 2018թ․-ից հետո։
Մանրամասները՝ տեսանյութում․




























