Հանրապետական կուսակցությունն ու նրա ներկայացուցիչները չեն դադարում զարմացնել «Ապահով Հայաստանի» քաղաքացիներին:
Իշխող կուսակցության ներկայացուցիչները, հասկանալով, որ իրենք իրականում «տոկոս խփող» և կոմունիստական մտածելակերպով առաջնորդվող մի խումբ են, չեն վայելում ժողովրդի վստահությունն ու հարգանքը, անցել են «ախմախ» ու արհեստական մի մեթոդի` առիթը բաց չեն թողնում ոչ միայն միմյանց հասցեին գովեստներ շռայլելու, այլև երկրի կարևորագույն խնդիրները թողած ` որոշել են այդ գովեստներին պաշտոնական տեսք տալ:
Խոսքը վերաբերում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որն իր վարկանիշը բարձրացնելու համար ստեղծել է հանձնաժողով: Թե ինչ չափորոշիչներից ու փորձից ելնելով է « հրաշամանուկ» քաղաքապետը նման որոշում կայացրել, միայն իրեն է հայտնի, բայց այն, որ վարկանիշի բարձրացման համար հանձնաժողով ստեղծելու գաղափարը ուղղակի զավեշտ է՝ փաստ է:
Պատկերացնում եք` օրինակ ժողովրդի կողմից սիրված ու հարգված Կարեն Դեմիրճյանը կամ մի հսկա նախարարություն կայացրած Արմեն Երիցյանը նման հանձնաժողով ստեղծեին: Ծիծաղելի է, չէ՞, բայց Տարոն Մարգարյանը սրան արի ու տես որ շատ լուրջ է վերաբերվում:
Ընդ որում` զարմանալին այն է, որ հանձնաժողովում ընդգրկված ՀՀԿ-ական տիկնոջ՝ Մարգարիտ Եսայանի հայտարարությունն ու ստեղծված հանձնաժողովի նպատակն իրար հակասում են: Ինչպե՞ս կարելի է հասկանալ` Մ. Եսայանի այն հայտարարությունը, թե Տարոն Մարգարյանի հեղինակությունն այսօր շատ բարձր է: Հարց է առաջանում, եթե գործող քաղաքապետի վարկանիշն իրոք բարձր է՝ հանձնաժողով ստեղծում եք, որ ի՞նչ անեք:
Այդ ինչ խորհուրդներ պետք է տան հանձնաժողովում ընդգրկված 16 անդամները, որ չեն տալիս քաղաքապետի 6 խորհրդականները: Եվ ի վերջո, եթե հանձնաժողովը գործելու է հասարակական, այսինքն` անվճար հիմունքներով, ի՞նչ կարիք կա ժողովրդի հարկերից աշխատավարձ ստացող վեց խորհրդարական պահել:
Ի դեպ, հիշեցնենք, որ Տարոն Մարգարյանի վարկանիշի անկումը սկսվեց նախորդ տարի ավագանու ընտրությունների ժամանակ Տ. Մարգարյանի հայտարարագրում ամրագրված ունեցվածքի հրապարակմամբ, որով պատռվեց ավանցիների ամենասիրելի թաղապետի դիմակը: Դրան հաջորդեց տրանսպորտի սակագնի բարձրացման ու տապալված փորձը, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ «երևանցիների դարդ ու ցավի» վրա ևս մեկ ցավ ավելացնելու անհաջող փորձ:
Թե ինչպես է առաջիկայում աշխատելու քաղաքապետի վարկանիշի բարձրացման համար ստեղծված հանձնաժողովը, ցույց կտա ժամանակը, բայց մի բան ակհայտ է` մայրաքաղաքը հազար ու մի խնդիր ունի, որոնք քաղաքապետից քաղաքապետ մնացել են չլուծված: Եվ եթե քաղաքապետն իրոք ցանկանում է երևանցիների աչքում բարձր հեղինակություն վայելել՝ այդ 16 հոգանոց խորհրդի անդամների ներուժը կարող է ծառայեցնել խնդիրների լուծման նպատակին: Իսկ առայժմ այլ բան չի մնում ասել, քան այն, որ Տարոն Մարգարյանն այս ամենը անում է ի հեճուկս «կռկռացողների»:
Սոնա Դավթյան