«Հայոց աշխարհ» թերթը գրում է. « Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի երկօրյա պետական այցը Հայաստան, նախնական տպավորությամբ, արդյունավետ էր:
Հայաստանի ու Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Ֆրանսուա Օլանդը երեկ առանձնազրույց ունեցան, ինչին հաջորդեց երկու պետությունների պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցությունը, որից հետո ստորագրվեցին մի շարք երկկողմ փաստաթղթեր:
Թե համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, թե երկու ղեկավարների մասնակցությամբ մյուս միջոցառումների ժամանակ ընդհանուր տպավորությունն այնպիսին էր, որ հայ-ֆրանսիական երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների ընթացիկ օրակարգում առկա բոլոր հարցերի շուրջ արդյունավետ երկխոսություն է ընթացել:
Մասնավորապես ուշագրավ էր երեկվա ասուլիսում ֆրանսիացի լրագրողներից մեկի՝ Ղրիմի հանրաքվեի հարցում Ֆրանսիայի նախագահի ու Հայաստանի տարբեր դիրքորոշումների, ինչպես նաեւ Ռուսաստանի հետ համագործակցության, Մաքսային միությանը մեր երկրի անդամակցության վերաբերյալ հարցին Ֆրանսուա Օլանդի արձագանքը. «Հայաստանն աշխարհաքաղաքական տեսակետից յուրահատուկ պայմանների մեջ է, ինչը Հայաստանին մղեց պահպանել կապերը Ռուսաստանի հետ: Իմ խնդիրը դատապարտելը չէ, այլ հասկանալը: Դրա համար իմ այցի ընթացքում փորձեցի հասկանալ՝ որն է Հայաստանի դիրքը, եւ ինչ պետք է լինի Եվրամիության պատասխանը: Ցանկանում եմ, որ Հայաստանը լիովին ասոցացված լինի Եվրամիության հետ, քանի որ նրա տենչն է, նրա արժեքներն են, նրա շահերին է համընկնում»:
Ֆրանսիայի նախագահի խոսքով, Հայաստանի դիրքորոշումը պետք է օժանդակեն, քաջալերեն Եվրամիության շրջանակներում, ըստ այդմ՝ Եվրամիությունը պետք է հասկանա, որ Հայաստանը յուրահատուկ պայմաններում է ապրում ու պետք է մի գործընթացի մեջ մտնի, որ մերձենա Եվրամիությանը»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում: