Եվրոպական Միության հարևանության ներդրումային գործիքի միջոցով Հայաստանը 15 մլն եվրո դրամաշնորհ կստանա: Մայիսի 14-ին ֆինանսների նախարարությունում ստորագրվել է «Համայնքային ենթակառուցվածքների Ծրագիր II-Փուլ 3 (ԵՄ ՀՆԳ-ի բաղկացուցիչ)-Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք» ծրագրի իրականացման ֆինանսավորման համաձայնագիրը:
Այն ստորագրել են ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ՀՀ ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, ինչպես նաև Վերականգնման վարկերի բանկի (KFW) համայնքային ենթակառուցվածքների բաժնի պետ Առնե Գուսը և KFW բանկի տարածաշրջանային ղեկավար Լարս Օերմանը: Ծրագրի ընդհանուր արժեքը 7 3մլն եվրո է, այդ թվում` 30 մլն եվրո վարկ` KFW բանկից, 2.5 մլն եվրո դրամաշնորհ` KFW-ից, 25.5 մլն եվրո վարկ` Եվրոպական ներդրումային բանկից և 15 մլն եվրո դրամաշնորհ` ԵՄ ՀՆԳ-ից:
Վերջինս տրամադրվում է KFW-ի միջոցով: Դրամաշնորհային միջոցներից 10 մլն եվրոն կօգտագործվի գյուղերում խմելու ջրի մատակարարման և ոռոգման համակարգերի վերականգնման նպատակով, 2 մլն եվրոն կուղղվի Արմավիրում ոռոգման կոյուղաջրերի մաքրման կայանի կառուցմանը, իսկ 3 մլն եվրոն` չորս ջրային ընկերությունների հետ Կառավարման պայմանագրի վճարմանը: Դրանք են «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք» ՓԲԸ-ները:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին