ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցությունն առաջարկում է գազի ներտնային սպասարկման գումարները ներառել գազի սակագնի մեջ: Այս մասին armlur.am-ի հետ զրույցում նշեց խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, հավելելով, թե այդպես է նաև Ռուսաստանի Դաշնությունում:
«Այդպես է եղել նաև նախկինում: Եղել է ժամանակ, որ ներառված է եղել: Քաղաքացին, ըստ էության գնում է, օգտագործում է գազ, թող սպասարկումն իրականացնի այդ վաճառող կողմը: Ոչ թե ավելանա սակագինը, այլ ներառվի այդ ծախսերը մեջը: Ավելին, մենք առաջարկում ենք, որ այդ աշխատակիցները ընդգրկվեն համատիրությունների կազմում: Եվ քաղաքացին միշտ կոնտակտի մեջ կլինի համատիրության իր աշխատակցի հետ և, մի կողմից համապատասխան աշխատավարձի հարցը կլուծվի, մյուս կողմից` ավելի օպերատիվ արձագանք կլինի», – նշեց նա:
Պատգամավորը հավելեց, որ այս նախաձեռնության շուրջ քննարկումները շարունակելու են նաև հանձնաժողովի ներսում: