Թրթուռները լցվել են մարդկանց տները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Կոտայքի մարզի Թեղենիք եւ Արզական համայնքների բնակիչներն արդեն երկու շաբաթ է՝ հայտնվել են սարսափելի իրավիճակում. նրանց տները մեծ քանակությամբ տհաճություն և քոր առաջացնող թրթուռներ (օկնոգենա վնասատու) են լցվել: Արդյունքում՝ գյուղի երեխաների մեծ մասը գիշերներն անցկացնում է կամ այլ գյուղերում ապրող հարազատների տներում, կամ էլ՝ մեքենաներում: Գրեթե նույն պատկերն է նաեւ Արագածոտնի մարզի մի շարք այլ համայնքներում:

Տեղեկացնենք, որ ավելի վաղ շրջանում թրթուռները տարածվել էին Արարատյան հարթավայրում, ապա՝ Արմավիրի մարզի 10-12 գյուղերում, որտեղ բնակիչների ուժերով հնարավոր եղավ կանխել դրանց տարածումը:

Թեղենիքի բնակիչ Հենրիկ Հարությունյանի ընտանիքի անդամները՝ մասնավորապես երեխաները, արդեն մեկ շաբաթ է, ինչ տանը հայտնված թրթուռների պատճառով գնացել են Երեւան՝ հարազատների տուն:

«Սկզբում տան բակում նկատեցինք թրթուռներին, կարծեցինք՝ սովորական որդեր են, կսատկեն, բայց հետո, երբ տունն օդափոխելու համար պատուհանները բացեցինք, երեկոյան արդեն դրանք հայտնվեցին տան բոլոր անկյուններում: Գյուղի 70 տոկոսի տանը հիմա թրթուռներ կան: Ստիպված երեխաներին ուղարկել եմ բարեկամի տուն, բայց դե այնտեղ էլ երկար չեն կարող մնալ»,- զայրացած ասաց պարոն Հարությունյանը: Նրա պատմելով՝ համապատասխան մասնագետները եկել են, սրսկել, բայց միեւնույն է՝ վնասատուները շարունակում են ձվադրել ու բազմանալ:

Թեղենիքցիների պնդմամբ՝ գյուղում երբեւէ նման վիճակ չի եղել: Համայնքապետ Մարատ Բաղդասարյանը շատ մտահոգված է, քանի որ թրթուռներն օր օրի ավելանում են ու լցվում բնակելի տարածքներ: Նրա խոսքով՝ միայն ավիացիոն պայքարի միջոցով հնարավոր կլինի ոչնչացնել դրանց: «Սակայն Հայաստանը չունի այդ ուղղաթիռից: Ինչի համար էլ, իմ տեղեկությամբ, այն պետք է ձեռք բերի հարեւան Վրաստանի Հանրապետությունից: Թե չէ այսպես հնարավոր չէ սրանց վերացնել, օր օրի ավելանում են»,- ներկայացրեց գյուղապետը:

Արզական համայնքում նույնպես ստեղծվել է այս սարսափելի պատկերը: Արզականի գյուղապետ Նորիկ Մովսիսյանը «Ժողովուրդ»-ին տեղեկացրեց, որ այս պահին համայնքում տրակտորներով սրսկումներ են իրականացվում: «Տհաճ է երևույթը: Զզվելի է դրանց ներկայությունը տան պատին, սենյակում: Մարդիկ իրենք էլ իրենց տներում են սրսկումներ իրականացնում: Սա ամեն տարի էլ եղել է, ուղղակի այս տարի սովորականից շատ էր, ինչի համար էլ հասավ մինչեւ բնակելի տները», – մտահոգվեց Մովսիսյանը:

Նշենք, որ համայնքների բնակելի տներում հայտնված թրթուռների պատճառով մարդիկ ալերգիա են ձեռք բերում եւ անընդհատ քոր են ունենում: Կոտայքի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Գայանե Մարտիրոսյանը «Ժողովուրդ»-ին վստահեցրեց, որ այս ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում:

«Եթե կլինի մարդ, ով կհիվանդանա, ապա մենք պատրաստակամ ենք բնակչությանը բուժապահովման հարցով օգնել: Նման դեպքերում հնարավոր է՝ ալերգիկ ռեակցիաներ լինեն մարդկանց մոտ: Կոնկրետ թրթուրի դեպքում ալերգիաներ լինում են»,- լրացրեց առողջապահության վարչության պետը` ընդգծելով, որ դեռեւս նման ահազանգ չի արձանագրվել:

Իսկ ահա ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանի ներկայացմամբ՝ ՀՀ պետբյուջեն այս՝ օկնոգենա վնասատուի դեմ պայքարի որեւէ միջոց չի նախատեսում: «Այս վնասատուն տարիներ շարունակ եղել է, ուղղակի այս տարի բնակլիմայական պայմանների բարենպաստ լինելու հետեւանքով մեծ տարածում գտավ: Այն կա ոչ միայն Թեղենիքում, Արզականում, այլեւ Արագածոտնի մարզի մի շարք համայնքներում»,- նշեց փոխնախարարը:

«Ժողովուրդ»-ի այն հարցին, թե օկնոգենա վնասատուի դեմ ավիացիոն պայքար իրականացվելո՞ւ է, Գ Պետրոսյանը պատասխանեց. «Ավիացիոն պայքար իրականացվում է միայն անտառային վնասատուի դեմ: Իսկ սա անտառային վնասատու չէ: Ինչպե՞ս կարող են բնակելի տարածքի վրա օդից թունաքիմիկատներ լցնել, չէ՞ որ դա մարդկանց համար խիստ վտանgավոր կլինի: Սրա դեմ պետք է պայքարել շատ ավելի վաղ ժամկետում: Եթե նույն տարածքում մոտ մեկ ամիս առաջ պայքարի միջոցներ կիրառեին, այս պատկերն այսօր չէինք ունենա եւ նման խնդրի առջեւ չէինք կանgնի»,- լրացրեց գյուղփոխնախարարը:

Տեղեկացնենք, որ նախօրեին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եւ Կոտայքի նորանշանակ մարզպետ Արամ Հարությունյանը այցելել են Թեղենիք համայնք: Նախարարությունը գյուղացիական տնտեսություններին տրամադրել է թունաքիմիկատներ եւ սրսկիչ մեքենաներ: Իսկ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը գյուղացիներին խոստացել է անհատույց կերպով տրամադրել դիզելային վառելանյութ՝ պայքարի միջոցառումներն իրականացնելու համար:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 




Լրահոս