Այսինքն՝ Կոնչիտայի կողմի՞ց եք. Գ. Իսագուլյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անդրադառնալով երեկ Վերնիսաժում տեղի ունեցած կրակոցներին` Ազատ Արշակյանը իրավիճակը գնահատեց հղփածության հետևանք:

«Էն ենթատեքստերը, որ սրանք այս կուսակցությունից են և այլն, կարևոր չէ, կարևորն այն է, որ բոլորը պետք է պատժվեն: Դա խանգարում է մեր հանգստին»,- ասաց Արշակյանը:

Իսկ «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանի համոզմամբ` կատարողներին թվում է` իրենց նկատմամբ պատիժ չի կիրառվի, քանի որ նրանք ունեն ամուր մեջք:

«Կան մարդիկ, ովքեր կարծում են` իրավասու են հանցանք գործել: Այս երևույթի դեմ համատարած պատիժ պետք է լինի: Որևէ մեկը արտոնյալ չպետք է լինի»,- իր խոսքում նշեց Իսագուլյանը:

Խոսելով գործարարների միջև հանդիպման մասին` Ազատ Արշակյանն ասաց, որ կառավարման համար քարոզչություն պետք է արվի:

«Որևէ կառավարություն առանց վստահության ժողովրդի կողմից դժվար է գոյատևում: Կառավարությունը պետք է իր ունեցած հնարավորություններն օգտագործի, որպեսզի մեր պետության անվտանգությունն ապահոված լինի»,- նշեց Ազատ Արշակյանը:

Նա հավելեց, որ հավանում է Հրանտ Բագրատյանի ելույթը:

«Շատ ազդեցիկ գործարարներից մեկը հայտարարություն է անում, որ եթե բոլորը աշխատեն ըստ օրենքի, ես էլ կաշխատեմ: Պետք է հենց նույն պահին քրեական գործ հարուցվեր»,- այսպես բնութագրեց իրավիճակը Գառնիկ Իսագուլյանը` զարմանք հայտնելով, թ ինչպես կարող էր դրանից հետո նիստը շարունակվել:

ԼՂՀ հարցի վերաբերյալ նույնպես խոսեցին բանախոսները` մասնավորապես անդրադառալով Ուորլիքի հայտարարությանը:

Իսագուլյանի խոսքերով` մեծ տերություններին բացարձակապես չի հետաքրքրում ո՛չ ադրբեջանցիների, ո՛չ հայերի ճակատագիրը: Նա համոզված է, որ Ուորլիքի հայտարարությունը որևէ կապ չուներ հայ ժողովրդի հետ, իսկ ցանկացած երկիր մտածում է այն մասին, թե ինչպես ուրիշ ժողովուրդների հաշվին լուծի իր խնդիրները:

Իսկ Ազատ Արշակյանի գնահատմամբ` Շավարշ Քոչարյանից բացի՝ հայ ժողովուրդը դիվանագիտական գերտերության ազգ է:

«Մենք շախմատասեր, հետագայում նաև ֆուտբոլային գերտերություն ենք լինելու: Ղարաբաղյան հարցը կլուծվի միայն մի դեպքում, եթե մենք հանձնվենք, չպայքարենք: Աշխարհը պայքարում է մեր ունեցածի համար: Հայ ժողովրդի անվտագությունը Ադրբեջանի տարածքում ապահովված չէ: Աշխարհը մեզ պաշտպանում է, և հարկավոր է պահանջատեր լինել»,- ասաց Արշակյանը:

Վերջինս, ի զարմանս ներկաների, համոզմունք հայտնեց, որ աշխարհի քսան երկրներ պաշտպանում են Հայաստանը:

Իսկ Իսագուլյանն իր խոսքում, ի պատասխան վերոնշյալի, ասաց. «Մենք տարբեր հայտարարություն ենք կարդացել»:

«Ուորլիքը չգիտի՞, որ գաղթականներ կան նաև Ադրբեջանում: Մարդն ասում է` չի կարող այս խաղաղությունը երկար պաշտպանվել: Ոնց որ իրանց ուժերով էր պաշտպանվել: Հիմա ասել, որ սա հայանպաստ քաղաքականություն է, միամտություն է: Ոչ մի խոսք չկա հայ փախստականների մասին»,- ասաց Իսագուլյանը:

Եվ ասուլիսը բանախոսների միջև վերածվեց բանավեճի:

Արշակյանը կարծիք հայտնեց, որ կան քաղաքակրթական կողմեր:

«Այսինքն՝ Կոնչիտայի կո՞ղմն ենք»,- կես կատակ կես լուրջ ասաց Իսագուլյանը:

«Հանդուրժողականությունը կարևոր բան է փոքրամասնությունների նկատմամբ` անկախ նրանից՝ ես և դուք դրանցից ենք, թե՝ ոչ»,- դիմելով Իսագուլյանին` ասաց Ազատ Արշակյանը:




Լրահոս