Քրեագետ Սերգեյ Գալոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ նախօրեին Վերնիսաժ տոնավաճառում տեղի ունեցած կրակոցներին` որակելով դրանք սովորական դարձած երևույթ:
Քրեագետը համոզված է, որ հայերի միակ խնդիրն այն է, որ նրանք խուսափում են բարձրաձայնել իրենց տեսածն ու լսածը:
«Լրագրողը մոտենում ասում է` ի՞նչ եք տեսել, ոչ մեկ ձեն չի հանում: Դե որ ոչ մեկ չի տեսել, վաղը Սարոն էլ կսպանի, Մարոն էլ կսպանի, Անուշն էլ` եսիմ ինչ»,- իր խոսքում նշեց քրեագետ Սերգեյ Գալոյանը:
Նա նաև հավելեց, որ քաղաքականությամբ չի հետաքրքրվում և շատ քաղաքական գործիչների չի ճանաչում:
«Ես ի՞նչ իմանամ` Ուվեյցի Կարոն, թե Յուվենցի Կարոն ովա: Հնարավոր է` պայծառագույն, տեղով արեգակ մարդ է: Հայաստանում նման դեպքերն արդեն սովորական են դարձել: Հիմա ի՞նչ է պատահել որ, ոչ մի բան»,- այսպես գնահատեց դեպքը Սերգեյ Գալոյանը:
Վերջինս դիրքորոշում հայտնեց, որ քրեական աշխարհի ներկայացուցիչները նման դեպքերում կարող են հարց լուծել և նրանց խոսքը էական նշանակություն հաստատ կունենա:
Քրեագետը իր հետ պատահած մի պատմություն ներկայացրեց, երբ մի նախկին ոստիկան իր հետ զրույցում ասում է, թե «Հարգելիս, անիմաստ բաներ պետք չէ ասել: Ինչպե՞ս կարող է երկու հարյուր դոլար աշխատավարձ ստացող ոստիկանը լուծել միլիարդատեր հայտնի մեկի հարցերը»: Այս պատմությունը վերհիշելով` քրեագետը ցանկանում էր նշել, որ Հայաստանում իշխանություն ու փող ունեցող յուրաքանչյուրը կարող է լուծել ցանկացած հարց, իրականացնել ցանկացած անօրինական գործողություն և անպատիժ մնալ:
Լուսանկարը` hetq.am-ի: