ԿԱՐԱՄԵԼԻ ՀԱՐՈՒԹԻՆ ՉԹՈՂԵՑԻՆ ԴԱՀԼԻՃ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ես լավ եմ, ինձ լավ են նայում, ու սպասեք նոր բացահայտումների եւ հայտարարությունների»,-երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում լրագրողներին ասաց ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը:
Դատավորի հեռանալուց հետո նա հասցրեց շփվել դատաքննության մասնակիցների հետ: Նկատենք, որ ընդհանրապես Մարգար Օհանյանը դատարան է գալիս  բարձր տրամադրությամբ եւ անկաշկանդ է լինում: Հիշեցնենք, որ ինչպես Օհանյանը, այնպես էլ գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանը, ՃՈ աշխատակիցներ Արա Լեւոնյանը եւ Սամվել Մախմուրյանը մեղադրվում են պետությանը խոշոր չափի վնաս հասցնելու մեջ:
Մինչեւ օրս 20 վկաներից հարցաքննվել են 8-ը: Այսօր հարցաքննված վկաներից երեքը նշել են, որ հաշվետվության մեջ բենզինի այլ թիվ էին ներկայացնում, բայց ստանում էին քիչ: Օրինակ` վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանն  ամսական ստացել է  4,5 հազար լիտր բենզին, բայց հաշվետվություններում նշել է 12 կամ 14 հազար լիտր: Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերը սպասարկող 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի հրամանատար Արամ Գալստյանը կարծես հիշողության հետ խնդիր ուներ եւ թվերը շփոթում էր: Այնուամենայնիվ, նա էլ հստակ ասաց, որ Կարախանյանն իրեն պակաս բենզին է տվել, բայց փաստաթղթերով շատ է երեւացել: Վաշտի հրամանատարը փորձել է իր անմիջական ղեկավարից` Կարախանյանից, քանիցս պարզաբանում ստանալ: «Կարախանյանը նախ ասում էր` կլրացնենք պակասը, բենզին չունենք, հետո էլ ասաց, որ պակաս բենզինի փոխարեն նոր անվադողեր կտան: Դե քանի որ լեռնային մարզ է, մտածեցի, որ այդպես ճիշտ կլինի»,-ասաց Արամ Գալստյանը: Պետական մեղադրող Հարություն Հարությունյանի այն հարցին, թե գոնե վերջում ստացել է անվադողերը, վկան պատասխանեց` «վերջը չեկավ տենց էլ»:  
Բոլոր վկաները հայտարարեցին, որ ՃՈ այն ժամանակվա պետ Մարգար Օհանյանին Կարախանյանի պահվածքի մասին չեն տեղեկացրել: Նրանք նաեւ չպարզաբանեցին, թե ինչու են խուսափել ՃՈ պետին հայտնել այդ մասին, մանավանդ որ Օհանյանի հետ երբեք խնդիրներ չեն ունեցել:
Բնականաբար, դատական նիստն անցնում էր լեփ-լեցուն դահլիճում` մեծ թվով լրագրողների լուսաբանմամբ: Երեկ դատավոր Մխիթար Պապոյանը ստիպված սանկցիա կիրառեց եւ դատավարության ընթացքին խանգարող Մացակ Մարգարյանին հեռացրեց դահլիճից: Անհարմար վիճակի մեջ էր նաեւ ԲՀԿ-ական պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը` Կարամելի Հարութը: Նա դատաքննությունը սկսելուց 5 րոպե առաջ էր փորձում մտնել դահլիճ, սակայն կարգադրիչներն արգելեցին` պատճառաբանելով, որ տեղ չկա, եւ գործող կարգն արգելում է, որ  ներսում մարդիկ կանգնած լինեն: Ի պատասխան` պատգամավորը  զարմանալիորեն հիշեց իր գործառույթների մասին եւ բարձրաձայն գոռաց, որ «ինքն ա գրում էդ օրենքները»: Ամեն դեպքում, պատգամավորին ներս չթողեցին, եւ նա, հայհոյելով դատական կարգադրիչներին, հեռացավ: Հետաքրքիր է, բարձրաստիճան չինովնիկների նորաստեղծ էթիկայի հանձնաժողովի իրավասության մեջ  մտնո՞ւմ է  պատգամավորի նման պահվածքի ուսումնասիրումը: Ինչ վերաբերում է դատաքննությանը, ապա այն կշարունակվի հունվարի 27-ին, եւ կլսեն մնացած վկաներին:

ԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ




Լրահոս