«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) անունը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում: Պատճառն օրեր առաջ Վերնիսաժում տեղի ունեցած կրակոցներն են, որի մեղավորը եղել է պատգամավորի փեսա Գոռ Առաքելյանը: Կարո Կարապետյանի հարազատներն ու անձամբ ինքը բազմիցս են հայտնվել սկանդալային իրադարձությունների կենտրոնում:
Դեռ 2009թ.-ին Երասխ-Երևան ավտոճանապարհին նա իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում Զադոյանը երկաթյա ձողով հարվածել էր Կարապետյանի գլխին, որն էլ իրեն ամրակցված ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին և աջ ոտքին: Նշեք, որ Կարո Կարապետյանը հայտարարել էր, թե Արթուր Զադոյանն է իրեն դարանակալել և ցանկացել հաշվեհարդար տեսնել` իրեն ունեցած 57 հազար դոլար պարտքը չտալու նպատակով: Գործի քննությունն ուշագրավ էր այն առումով, որ Կարո Կարապետյանն այդպես էլ այս գործով ո՛չ մեղադրյալ, ո՛չ տուժող չճանաչվեց: Իսկ ավելի ուշ կասեցրին գործի վարույթը:
Աղմկալի պատմության մեջ հայտնվել էր նաև պատգամավորի որդին՝ Վարդան Կարապետյանը: Վերջինս, վարելով «Բենթլի Կոնտինենտալ 6. 0» մակնիշի՝ 88 RR 888 համարանիշի ավտոմեքենան, մեկ այլ՝ «Տոյոտա Պռադո» մակնիշի 33 LD 840 համարանիշի ավտոմեքենայով, խախտելով Ճանապարհային երթևեկության կանոնները՝ ուղեկցում էին միմյանց:
Սա պատգամավորի և իր հարազատների հետ կապված պատմությունների մի փոքր մասն է միայն: Վերնիսաժի դեպքերին ներգրավված էր արդեն վերջինիս փեսան՝ Գոռ Առաքելյանը:
Ըստ վարկածի՝ Առաքելյանը ճանապարհ է խնդրել Վալերի Հովհաննիսյանից և Նորայր Հարությունյանից, սակայն վերջիններս ճանապարհ չեն տվել: Դրանից հետո Գոռ Առաքելյանը դուրս է եկել մեքենայից, սկսել վիճաբանել նրանց հետ: Դրանից հետո Կարո Կարապետյանի հրազենից կրակոցներ է արձակել, որոնց պատճառով էլ տուժել է ոչ միայն վիճաբանող կողմը, այլեւ պատահական անցորդներ: Նշենք, որ Գոռ Առաքելյանն այժմ ձերբակալված է:
Նշենք, որ Յուվեցի Կարոն ԱԺ-ում նորեկ չէ, նա ԲՀԿ-ի համամասնական ընտրակարգով խորհրդարան է մտել 2007թ.-ից : 2012թ. ևս նա պատգամավոր դարձավ ԲՀԿ-ի համամասնական ցուցակով:
Լուսանկարը` hetq.am-ի: