Ես սկսում եմ վախենալ Ադրբեջանի ապագայի համար. Լ. Յունուս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այսօր իմ և ամուսնուս խաչերով լուսանկարների հրապարակումը, ղեկավարող կուսակցության ներկայացուցիչների և Ակադեմիայի աշխատակիցների հայտարարություններն այն մասին, որ մենք հայրենիքի դավաճաններ ենք` բացահայտ բռնության կոչ է»,- REX լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ  ասել է ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը:

Իրավապաշտպանը նշել է, որ ինքը բացահայտորեն քննադատում է ադրբեջանական դպրոցական գրքերի հեղինակներին, որոնք երեխաներին 10 տարեկանից ներշնչում են, որ ադրբեջանցիների թշնամիները քրիստոնյաներն են, իսկ հայերին անվանում են՝ «անհավատներ սև հագուստով»:

«Պատմական գիտությունների դոկտորիս համար, անհասկանալի է, որ դպրոցական դասագրքերում կարող է գրված լինել, որ Ադրբեջանում մուսուլմանների բաժանումը շիիական և սուննիական ուղղությունների, տեղի է ունեցել քրիստոնյաների, մասնավորապես հայերի մեղքով»,- նշում է Յունուսը:
Վերջինս նշել է նաև, որ ինքն արդեն սկսել է վախենալ իր երկրի ապագայի համար:

Լեյլա Յունուսը հիշեցրել է, թե ինչպես մի ժողովի ժամանակ, անկիրթ մի ադրբեջանցի, կոչ է արել հաշվեհարդար լինել քրիստոնյաների, հատկապես հայերի հետ:

«Իմ կողքին նստած էր ամբողջ երկրում հանրահայտ մի ռեժիսոր, ես խնդրեցի իրեն հայտարարությամբ հանդես գալ և կանգնեցնել այդ զառանցանքը: Արվեստի վաստակավոր գործիչը պատասխանեց, որ չի տիրապետում ադրբեջաներենին այնքան լավ, որպեսզի կարողանա տեղը դնել հաշվեհարդարի կոչ անողին. ռեժիսորի ձեռքերը դողում էին:  

Այդ ժամանակ ինքս ռուսերենով ելույթ ունեցա ու արտահայտեցի կարծքիս բռնության կոչ անողի մասին: Բնականաբար ելույթս ընդհատեցին և բռնուցքներով սկսեցին սպառնալ: Բայց, ինչպես գիտենք, պոգրոմի սիրահարները քաջ են միայն այն դեպքում,երբ դիմադրություն չեն տեսնում»,- ասել է Լ. Յունուսը:

Ադրբեջանցի իրավապաշտպանը շեշտել է այն հանգամանքը, որ ներկայիս ռեժիմին բնակչությանը շեղելու և կառավարելու համար արտաքին թշնամի է պետք:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին Բաքվի օդանավակայանում ձերբակալվել էին իրավապաշտպան Լեյլա Յունուսն ու նրա ամուսին՝ կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսը: Նրանք պետք է թռչեին Փարիզ, այնուհետ Բրյուսել՝  ԵՄ-ի հրավերով միջազգային միջոցառման մասնակցելու: Լ. Յունուսը հարցաքննման էր տարվել Ադրբեջանի Գլխավգոր դատախազության հատուկ ծանր գործերով քննչական բաժին, որտեղ նրան պահել էին 9 ժամ:

Նրա հետ ձերբակալված ամուսինը հոսպիտալացվել էր նախաինսուլտային վիճակով:

Բացի այդ, Ադրբեջանի ոստիկանությունը խուզարկություններ էր անկացրել Յունուսների տանը և ՄԻՊ-ի գրասենյակում:

Նշենք, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Նիլս Մուժեյնիկսը, Եվրամիությունը, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը, ԱՄՆ-ի դեսպանատունը Ադրբեջանում և իրավապաշտպան կազմակերպությունները, ինչպիսին են Նորվեգական Հելսինկյան կոմիտեն, Human Rights Watch-ը,  Freedom House-ը, Իրավապաշտպան կազմակերպությունների միջազգային ֆեդերացիան, դատապարտեցին իրավապաշտպան Յունուսի ձերբակալությունը:

Ավելի վաղ,Բաքվում ձերբակալվել էր «Զերկալո»-ի լրագրող Ռաուֆ Միրկադիրովը, որին մեղադրել էին Հայաստանի օգտին լրտեսություն անելու մեջ:




Լրահոս