Լավ եմ աշխատել, ահագին գործ եմ արել. Աճանան համայնքի ղեկավար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 8-ին մի շարք համայնքներում, այդ թվում՝ Սյունիքի մարզի Աճանան համայնքում տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ: Համայնքի ղեկավարի  համար պայքարում է երկու թեկնածու` համայնքի ղեկավար Վաչե Ավետիսյանը, ով 11 տարի է` ղեկավարում է համայնքը, և համայնքի գլխավոր հաշվապահ Գագիկ Հայրապետյանը:

Armlur.am-ի հետ զրույցում Վաչե Ավետիսյանն իր ընտրվելու շանսերը բարձր  է գնահատում:

«Ընտրություններին ժողովրդի քվեարկությունից պարզ կդառնա: Համենայն դեպս, լավ աշխատել եմ, ահագին գործ եմ արել: Ինձ թվում է` գնահատականը լավ կլինի»,- ասաց համայնքի ղեկավարը:

Խոսելով համայնքի խնդիրների մասին` Ավետիսյանն ասաց, որ  համայնքում չլուծված քիչ խնդիրներ կան: Առաջիկայում Ասիական զարգացման բանկի շնորհիվ պետք է ամբողջությամբ վերակառուցվի խմելու ջրի ներքին ցանցը: Մյուս խնդիրը  ոռոգման ջրի հարցն է, որը  ընտրվելուց հետո  հետագա տարիների ընթացքում կլուծվի:

Ի դեպ, Աճանանը գազաֆիկացված համայնքների շարքին է պատկանում, շատ կենցաղային, սոցիալական հարցեր լուծվել են:

Ի տարբերություն շատ համայնքների` որոնց ղեկավարները խոսում են համայնքի բնակիչների արտագաղթի մասին, Աճանան համայնքի ղեկավարը հավաստիացրեց, որ իրենց համայնքում նման խնդիր չկա: Հիմնական զբաղմունքը գյուղացիների գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ:

Իր մրցակից թեկնածուի մասին էլ բավական լավ արտահայտվեց Վաչե Մարտիրոսյանը, իր մոտ հաշվապահ է աշխատում:

Armlur.am-ը զրուցեց նաև համայնքի ղեկավարի համար պայքարող մյուս թեկնածու գլխավոր հաշվապահ Գագիկ Հայրապետյանի հետ: Վերջինս անկեղծորեն ասաց, որ իր՝ ընտրվելու շանսերը 30 տոկոս է գնահատում, սակայն իր ուժերը փորձելու համար է   առաջադրվել: Ինչպես անկեղծացավ գլխավոր հաշվապահը, հետագայում ցանկություն ունի ստանձնելու համայնքի ղեկավարի պաշտոնը:

Սոնա Դավթյան




Լրահոս