Այսօր՝ մայիսի 21-ին, Բրյուսելում կկայանա ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպում:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, քննարկման հիմնական թեման կլինի ռուսաստանա-ուկրաինական ճգնաժամը և դրա հետևանքները Հյուսիսատլանտյան դաշինքի համար: Կարող է խոսք գնալ նաև Ուկրաինայի՝ Վրաստանի հետ համագործակցության հետագա ընդլայնման մասին: ՆԱՏՕ-ն արդեն ցուցաբերում է ոչ ռազմական օգնություն Կիևին, սակայն ավելին, քան համատեղ զորավարժությունները, դաշինքը, դժվար թե, առաջարկի:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել էր, որ Ռուսաստանն իրեն պահում է ավելի շուտ ինչպես թշնամի, քան ինչպես գործընկեր:
«Մենք պատրաստ ենք իրադարձությունների ցանկացած զարգացմանը, մենք ունենք պաշտպանության համապատասխան ծրագրեր: Դուք կզարմանայիք, եթե տեսնեիք, թե որքան արագ մենք կարող ենք շարժվել», – ասել է նա Frankfurter Allgemeine-ին տված հարցազրույցում:
Սակայն բրյուսելյան հանդիպման նախաշեմին Ռասմուսենը խոստովանել է, որ այժմ դաշինքը պատրաստ է Մոսկվայի հանդեպ երկակի քայլերի:
«Մի կողմից՝ մենք կասեցրել ենք գործնական համագործակցությունը Ռուսաստանի հետ, մյուս կողմից՝ որոշել ենք բաց թողնել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում քաղաքական և դիվանագիտական երկխոսության խողովակը», – ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտողարը: