ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԾԱՌՈՒԿՅԱՆԻ ԽՆԱՄԻՆ ՈՒ ԾՐԱԳԻՐԸ

ԲՀԿ քաղխորհրդի վերջին նիստը բավականին հետաքրքիր է անցել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գագիկ Ծառուկյանը սկզբում, ի տես բոլորի, հարցրել է քաղխորհրդի անդամների կարծիքը կուսակցության հետագա անելիքների՝ մասնավորապես կառավարության ծրագիրը ԱԺ ներկայացնելու ժամանակ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պահվածքի վերաբերյալ: Գործարար թեւը խոսել է հօգուտ կառավարության, եւ առաջարկել է «այլընտրանքային» դեմքը պահելու համար «կողմի» փոխարեն «ձեռնպահ» քվեարկել: Դրանով մի կողմից կօգնեն Հանրապետականին քվորում ապահովելու հարցում ու չեն նեղացնի անձամբ Հովիկ Աբրահամյանին, մյուս կողմից էլ ցույց կտան, որ իշխանությունների ծրագրին «դեմ» են: ԲՀԿ քաղաքական թեւը, սակայն, պնդել է հակառակը՝ ԲՀԿ-ն պետք է լինի դահլիճում եւ բոյկոտի կառավարության ծրագրի քվեարկությունը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ծառուկյանը, լսելով ԲՀԿ երկու «թեւերի» կարծիքները, ասել է, թե վերջնական որոշում կկայացնեն կառավարության ծրագիրը տեսնելուց հետո: Բայց նա նաեւ նշել է, որ թեեւ Հովիկ Աբրահամյանը «մեր հարազատն է, բայց խնամիական հարաբերությունները չպիտի խանգարեն»։ Մի քանի օրից պարզ կլինի, թե որքանով է ԲՀԿ-ի խոսքը խոսք կամ գործ, ու, ի վերջո, որ փողոցում է տոնվելու «հաղթանակը»` Մելիք-Ադամյա՞ն, թե՞ Ավան-Առինջ: Ի դեպ, Ծառուկյանն իր կուսակիցներին տեղեկացրել է, որ ապագա երկու համապետական ընտրություններին էլ մասնակցելու են, չի բացառվում նաեւ՝ քառյակի հետ նույն ֆորմատով:

 

Կառավարությունը կես միլիոն դրամ է տրամադրել Քիմիական զենքի կոնվենցիայի Արեւելյան Եվրոպայի խմբի երկրների ազգային մարմինների 13-րդ տարածաշրջանային հանդիպումը ՀՀ-ում անցկացնելու համար: «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն, այդ գումարի սահմաններում պետք է հոգան պաշտոնական ընթրիքի, փոխադրամիջոցների վարձակալման հետ կապված ծախսերը: Իսկ Քիմիական զենքի կոնվենցիայի Արեւելյան Եվրոպայի խմբի երկրների ազգային մարմինների 13-րդ տարածաշրջանային հանդիպումը մեկնարկել է երեկ ու տեւելու է մինչեւ մայիսի 8-ը: Միայն թե այս մասին որեւէ պաշտոնական հաղորդագրություն որեւէ պետական գերատեսչություն չի տարածել եւ կարծես թե գնալով ավանդույթ է դառնում այս կարգի խորհրդաժողովները ծածուկ անցկացնելը: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ը ոչ վաղ անցյալում գրել էր Երեւանում անցկացված հատուկ ծառայությունների տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրների վերաբերյալ անցկացված «գաղտնի» համաժողովի մասին, որը նույնպես անցել էր քար լռության ներքո:

 

Մայիսի 19-ին կայանալիք Աժ հերթական նիստի ժամանակ, ՀՀ նոր կառավարությունը` վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ, ներկայացնելու է իր ծրագիրը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այն հիմնականում կազմվել է նախկին ծրագրի հենքի վրա ու, կարելի է ասել, նոր ծրագրում ընդամենը կոսմետիկ փոփոխություններ են կատարվել: Մեզ հասած տեղեկություններով` ՀՀ նորանշանակ վարչապետը կառավարության ծրագիրը ներկայացնելու է այնպես, որ այն ի սկզբանե ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի կողմից հաստատված լավ ծրագիր է, որը պետք է իրագործել: Իսկ «հրաշալի քառյակ»-ի ներկայացուցիչները նշում են, որ մինչեւ կառավարությունը չներկայացնի ծրագիրը, եւ իրենք անձամբ չտեսնեն, թե ինչ փոփոխություններ են կատարվել, վաղ է խոսել իրենց դիրքորոշման մասին: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ճիշտ է, որ կառավարության ծրագրի փոփոխությունները ընդամենը «կոսմետիկ» բնույթի են, Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանն ասաց. «Երբ կներկայացնենք, երբ կլինի ծրագիրն՝ այդ ժամանակ էլ պարզ կլինի»:

 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 12-ին Երեւանում կմասնակցի ֆրանսիական «Կարֆուր» հիպերմարկետի բացմանը: Այս լուրը լրջորեն անհանգստացրել է գործարար դաշտին: Նրանց մի մասը վստահ է, որ «Կարֆուր»-ի գործունեության արդյունքում տեղական արտադրությունը պարզապես կմեռնի: Հայտնի է, որ «Կարֆուր»-ն իր ցանցում վաճառվող տեսականին ինքն է ներկրում, եւ այդ պատճառով որոշ ապրանքներ ավելի էժան գներով է վաճառում: Նաեւ դա նկատի ունենալով` տեղական արտադրողները մտահոգված են հնարավոր մրցակցությանը չդիմանալու հեռանկարից: «ՓՄՁ զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Քնարիկ Մալխասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտարարեց, որ պատկան կառույցները նախեւառաջ պետք է սահմանափակեն խոշոր սուպերմարկետների գործունեությունը՝ անկախ այն բանից դրանք տեղական են, թե, օրինակ, ֆրանսիական: Նա համոզված է, որ ֆրանսիական «Կարֆուր»-ը կարող է մեծ մրցակցություն առաջ բերել հայաստանյան շուկայում:




Լրահոս