ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՇԵՐԻՖԸ ԳՆԱՑ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության` երեկ կայացած քաղխորհրդի նիստի ժամանակ ԱԺ պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը՝ Շերիֆը, հրաժարվել է պատգամավորական մանդատից: Armlur.am-ի տեղեկություններով` նա գնում է Եվրոպա՝ բուժման: Ամենայն հավանականությամբ, Գրիգորյանին կփոխարինի Հրազդանի հացի գործարանի տնօրենի որդին՝ Տիգրան Ներսիսյանը: Ըստ կայքի տեղեկությունների՝ Գագիկ Ծառուկյանն արդեն տվել է իր համաձայնությունը՝ Տ. Ներսիսյանին պատգամավոր կարգելու հարցում:

ՀՀԿ-ԱԿԱՆՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ

«Ինչ իշխանությունը հանրապետականներինն է, մենք շատ արագ տեմպերով կորցնում ենք բնական պաշարները»: Երեկ նման հայտարարություն է արել «Էկոլուր» հ/կ նախագահ Ինգա Զառաֆյանը: Նա նշել է, որ բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը շարունակել է իր նախորդի` Վարդան Այվազյանի քաղաքականությունը: Անդրադառնալով Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսներին` Զառաֆյանը հայտարարել է, որ. «Հիմա ոչ միայն պետական բյուջեից են փողեր տրամադրվում դրանք վերականգնելու համար, ընդ որում, հասկանալի է, որ չի շտկվում խնդիրը, նաեւ Համաշխարհային բանկի վարկային ծրագրով աջակցում են այն կազմակերպություններին, որոնք վիշապի նման վատացնում են Արարատյան դաշտավայրի վիճակը»: Զառաֆյանը նշել է, որ ներկայումս փակվում են այնպիսի հորեր, որոնցում վաղուց արդեն ջուր չկա, սակայն դրա համար կառավարությունը մոտ 2,5 միլիոն դրամ է ծախսում:

ԻՍԿ ԳՈՒՑԵ ԵՐԿՈՒՇԱԲԹԻ՞

Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրերը, թե շուտով ինքը պաշտոնանկ է արվելու` երեկ ասել է, թե այդ հրապարակումների հեղինակները պետք է հրաժարական տան. «Եթե գրում են՝ շաբաթ օրը Վայոց ձորի մարզպետը պաշտոնանկ կարվի եւ շաբաթ օրը Վայոց ձորի մարզպետը պաշտոնանկ չի արվում, նշանակում է այդ հրապարակման հեղինակը պետք է առնվազն ներողություն խնդրի հանրությունից ոչ ճիշտ տեղեկատվություն ներկայացնելու համար»:

ՍՈՎՈՐԵԼ ԱՆԳԱՄ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻՆ

Արմեն Աշոտյանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Վերջին զանգի» վերաբերյալ. «Ի արձագանք բազմաթիվ հարցումների՝ տեղեկացնում եմ, որ այս տարվա «Վերջին զանգը» հանրապետության դպրոցներում կհնչի մայիսի 23-ին: Երեւանի քաղաքապետարանը եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն այս տարվա շրջանավարտների համար նախապատրաստում են ավանդական դարձած տոնական միջոցառում, որի մասին կտեղեկացնենք առաջիկայում:
Հ. Գ. Սակայն մինչեւ տոնական միջոցառումները, կրկին հորդորում եմ ձեզ, սիրելի աշակերտներ, կենտրոնանալ բացառապես ուսման վրա»:




Լրահոս