ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲԱՑ ՀԱՆՔ` ՇԵՆՔԵՐԻ ՄՈՏ

2007 թվականին ՀՀ կառավարությունը «Նագին» ՍՊԸ-ին հանքշահագործման արտոնագիր է հատկացրել, որով ընկերությունը հնարավորություն է ստացել Հրազդանում երկաթահանք բացել: Այն, ի դեպ, դրական եզրակացություն է ստացել նաեւ Բնապահպանության նախարարության կողմից: 2011թ. տարեսկզբին հայտնի դարձավ, որ «Նագին» ՍՊԸ-ն (այժմ վերանվանվել է «Ֆորչն Ռեզորսիս») իր բաժնետոմսերի զգալի մասը վաճառել է չինական «Ֆորչն Օյլ» ընկերությանը եւ առաջիկայում պատրաստվում են հանքը շահագործել: Բնապահպանների հավաստմամբ՝ հանքի շահագործումը մեծ աղետ է տարածաշրջանի եւ հանրապետության համար, քանի որ հանքը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ բնակելի շենքերից ընդամենը 300-500մ հեռավորության վրա: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երկաթահանքի շահագործման դեմ պայքարի առաջին փուլը նախաձեռնեց ազատամարտիկ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը: 2011թ. աշնանը Ս. Միքայելյանի պայքարի շնորհիվ դադարեցվեցին հանքում տարվող հորատման աշխատանքները: Սակայն «Ֆորչն Օյլ»-ը հարմար առիթը երբեք բաց չի թողնում եւ պարբերաբար մինչ այսօր հանքում հորատումներ է իրականացնում` նպատակ ունենալով հանքը շահագործել:
2011 թվականին ձեւավորվեց «Առողջ Հրազդան» քաղաքացիական նախաձեռնությունը, որի նպատակը Հրազդանի երկաթի հանքավայրի՝ հնարավոր շահագործման դեմ պայքարն է: Խմբի անդամ Մովսես Մանուկյանի խոսքերով՝ հրազդանցիները պետք է ամեն ինչ անեն, որ չկորցնեն միակ հարստությունը՝ մաքուր ջուրը: Ըստ նրա` երկաթահանքի շահագործման պարագայում ահռելի վնաս է հասցվելու Հրազդանի` արդեն իսկ աղտոտված օդային ավազանին, նաեւ վտանգի առաջ է հայտնվելու Հրազդանի ջրային ավազանը, որից օգտվում է ոչ միայն Հրազդանը, այլեւ հարակից մի շարք այլ համայնքներ, ինչպես նաեւ Աբովյան, Չարենցավան, Ծաղկաձոր քաղաքները:

ԱՐԵՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ
Հրազդան

 

ՉՎԵՐԹԵՐԻ ԱՃ Է ԳՐԱՆՑՎԵԼ

Վերջին ամիսներին օդային փոխադրումների ոլորտում առկա է ե՛ւ ուղեւորների թվի, ե՛ւ չվերթերի թվի կանոնավոր աճ: Սա ՀՀ կառավարության կողմից հայտարարված «բաց երկնքի» քաղաքականության արդյունք է: 2014թ. ապրիլին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղեւորահոսքն ավելացել է 17 տոկոսով: 2014թ. ապրիլի ցուցանիշը կազմում է 136 730 ուղեւոր: Չվերթերի աճն այդ ժամանակահատվածում կազմել է 40 տոկոս: 2014թ. ապրիլին կատարվել է 1643 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1175 չվերթի համեմատ: Եթե 2013թ. ապրիլին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է: Բացի այդ ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազման:




Լրահոս