Այսօր Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի ծննդյան օրն է: Նա պատկանում է այն սպաների թվին, որոնք Արցախյան պատերազմի սկզբից գլխավորեցին հայկական ջոկատների պայքարը։ Ազատամարտի ընթացքում նրա ամենավառ հաղթանակն է համարվում Շուշիի ազատագրումը, որը ունեցավ մեծ հոգեբանական և ռազմավարական ազդեցություն պայքարի հետագա ընթացքի վրա։

Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է 1939-ի մայիսի 22-ին, Թբիլիսիում։ Ավարտել է զինվորական ուսումնարանը Բաքվում, այնուհետև Լենինգրադի տրանսպորտի և թիկունքի ռազմական ակադեմիան։

1988 թվականից միացել է Արցախի ազատագրման պայքարին և ակտիվ մասնակցություն է ունեցել կամավորականների զինվորական մարզման գործում։ 1990 թվականին դարձել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատի անդամ։ 1991 թվականին նշանակվել է ՀՀ պաշտպանության կոմիտեի արտազինվորական պատրաստության բաժնի պետ։

1991 թվականի հոկտեմբերի 30-ին Արցախի նորաստեղծ ինքնապաշտպանական ուժերը Տեր-Թադևոսյանի հրամանատարության տակ փայլուն օպերացիայի շնորհիվ թշնամուց ազատագրեցին ռազմավարական մեծ կարևորություն ունեցող Տող գյուղը (Հադրութի շրջան)։

1992 թվականի մայիսին նախապատրաստել և փայլուն ձևով իրականացրել է Շուշի քաղաքի ազատագրումը («Հարսանիք լեռներում» օպերացիա), որը համարվում էր ադրբեջանական զորամիվորումների կողմից վերահսկվող ամենաանառիկ բարձունքներից մեկը և որտեղից ամիսներ շարունակ ռմբակոծվում էր Ստեփանակերտը։

Պարգևատրվել է առաջին աստիճանի Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ շքանշանով։ Տեր-Թադևոսյանը իր ռազմական ինչպես նաև մարդկային բարձր որակների շնորհիվ համարվում է Հայաստանի հետխորհրդային իրականության ամենաարժանավոր ռազմական գործիչներից մեկը։




Լրահոս