Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սահմանված հստակ ժամանակացույցով շարունակվում են վարչական շրջանների ղեկավարների կողմից յուրաքանչյուր հինգշաբթի կազմակերպվող քաղաքացիների ընդունելությունները: Քաղաքացիների ընդունելություններին Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ այսօր մասնակցել և բնակիչներին հուզող հարցերին տեղում ծանոթացել են քաղաքապետի տեղակալներն ու խորհրդականը:
Մասնավորապես, քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը մասնակցել է Աջափնյակ վարչական շրջանում կազմակերպված բնակիչների ընդունելությանը: Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի կողմից անցկացվող քաղաքացիների ընդունելությանն էլ մասնակցել է քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը: Քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը ներկա է գտնվել Նոր Նորք վարչական շրջանի քաղաքացիների ընդունելությանը:
Զրուցելով բնակիչների հետ և լսելով նրանց կողմից բարձրացվող հարցերը, ինչպես նաև այդ ուղղությամբ ներկայացվող առաջարկները, քաղաքապետի տեղակալները բարձրացված բոլոր հարցերին տեղում տվել են համապատասխան լուծումներ: Շնորհակալություն հայտնելով խնդրին արագ արձագանքելու համար՝ բնակիչները նկատել են, որ քաղաքապետի տեղակալի ներկայությունն ու մասնակցությունն իր հերթին նպաստում է, որպեսզի տեղում լուծումներ գտնեն նաև այն խնդիրները, որոնց լուծման համար իրենք պետք է դիմեին քաղաքապետարան և որոնք որոշակի ժամանակ էին պահանջելու:
Նշենք, որ քաղաքապետի տեղակալների, ինչպես նաև քաղաքապետարանի այլ պաշտոնյաների մասնակցությունը վարչական շրջանների ղեկավարների կողմից կազմակերպվող քաղաքացիների ամենշաբաթյա ընդունելություններին լինելու է շարունակական:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն