«Պատվիրատուի «դաբրոն» որ ստանամ, գիտեմ` ինչ կանեմ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի քանդակագործ Լևոն Թոքմաջյանը ստեղծագործական պրպտումների մեջ է: Ֆլորա Մարտիրոսյանի հուշարձանը քանդակելուց հետո արվեստագետը մի քանի էսքիզների վրա է աշխատում:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում քանդակագործն ասաց, որ նամակով դիմել է ՀՀ պաշտպանության նախարարությանը և խնդրել քաղաքում տեղադրել Մոնթե Մելքոնյանի արձանը:

Թեև Արցախում արդեն կա լեգենդար հերոս Մոնթե Մելքոնյանի քանդակը, որի հեղինակը նույնպես Լևոն Թոքմաջյանն է, բայց ըստ քանդակագործի, Երևանում ևս պետք է տեղադրել Մոնթեի արձանը, ինչի մասին, ի դեպ, երևանցիները բազմիցս են բարձրաձայնել:

Սակայն միայն Մոնթե Մելքոնյանի արձանի մասին չի մտորում քանդակագործը:

«Արդեն քանի տարի է՝ Գևորգ 4-րդ կաթողիկոսի քանդակի էսքիզի վրա եմ աշխատում: Սպասում եմ` վեհափառը գա, իր համաձայնությունը տա, որ գործը տեղից շարժվի»,- անկեղծացավ քանդակագործը:

Իր մտահղացումներն իրականացնելու համար, ըստ քանդակագործի, անհրաժեշտ են ֆինանսական լուրջ միջոցներ: Թոքմաջյանը հիշեցնում է` անցել են այն ժամանակները, երբ պետությունն էր քանդակի պատվեր իջեցնում: Հիմա պետք է արվեստագետը բարեգործներ գտնի` իր գաղափարները կյանքի կոչելու համար:

Լևոն Թոքմաջյանը Ֆլորա Մարտիրոսյանի քանդակից հետո որոշ հետևություններ արել է: Քանդակագործը համոզված է` այդքան աղմուկ չէր բարձրանա, եթե Ֆլորա Մարտիրոսյանի ամուսինը« ով վախճանվել է օրեր առաջ, անհարկի չդժգոհեր:

«Ամուսինն իմ կողքին էր, հարազատները տեղյակ էին, հետևել էին քանդակի ստեղծման աշխատանքներին: Ինձ համար այդպես էլ մութ մնաց՝ ինչու նման կերպ պահեց իրեն Ֆլորա Մարտիրոսյանի ամուսինը: Դե եթե չէին հավանում, թող գային հանեին տանեին»,- դառնությամբ ասաց արվեստագետը:

Ինչ վերաբերում է Մոնթե Մելքոնյանի արձանին, ապա այն ստեղծելիս Թոքմաջյանը կանի ամեն ինչ` տհաճ խոսակցություններից խուսափելու համար:

«Պատվիրատուի «դաբրոն» որ ստանամ, մնացածը գիտեմ` ինչ կանեմ»,- վստահեցնում է քանդակագործը:

Խոսելով քանդակագործության խնդիրների, հատկապես՝ երիտասարդ քանդակագործներին ոգեշնչելու մասին` Թոքմաջյանը խորհուրդ է տալիս չվհատվել, հավատով լցվել և շարունակել ստեղծագործել:

Ի վերջո, ինչպես ասում էր Թումանյանը, էսպես չի մնա, ավելի լավ ժամանակներ կգան:

Սոնա Դավթյան




Լրահոս