«Համահայկական բանկն» առայժմ չի կայանում. «Հայոց աշխարհ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Ազգային ժողովում կառավարության գործունեության ծրագրի քննարկման ժամանակ բարձրացվեցին մի շարք կարեւոր հարցեր, որոնց ուղղությամբ արդեն տեւական ժամանակ աշխատանքներ են կատարվում, սակայն արդյունքները տեսանելի չեն։ Խոսքը մասնավորապես վերաբերում է Հայաստանում ներդրումային կապիտալի ձեւավորմանը եւ «Նաիրիտի» շուրջ ստեղծված իրավիճակին։

Մինչ «Համահայկական բանկն» առայժմ չի կայանում, գործադիրը մտադիր է առաջիկա երեք-չորս տարիներին Հայաստանում ձեւավորել Համահայկական ներդրումային հիմնադրամ։ Սա նախատեսված է կառավարության գործունեության ծրագրով։ Ակնկալվում է, որ այն կգործի նման կառույցների «լավագույն օրինակով»։

Ներդրումային կապիտալի համալրման համար կառավարությունը մտադիր է Կենտրոնական բանկի մասնակցությամբ նպաստել նաեւ ներդրումային բանկերի ստեղծմանը։    Ժամանակին նույն նպատակն էր հետապնդում նաեւ «Համահայկական բանկի» ստեղծումը։ Դրա գործունեության մեկնարկից անցել է երկուսուկես տարի, սակայն բանկն առայժմ ոչ մի կերպ չի կայանում։ Մի բան, որ օրերս անուղղակիորեն խոստովանեց նաեւ Կենտրոնական բանկի նախագահը։ Ինչպես հայտնի է, այդ նպատակով կառավարությունը հատկացրել է 20 մլն դոլար՝ ակնկալելով, որ կարճ ժամանակահատվածում բանկին կհաջողվի ներգրավել նոր ներդրողներ, ինչից հետո կառավարությունն աստիճանաբար դուրս կգա բանկի բաժնետերերի կազմից։ Անցել է երկուսուկես տարի, սակայն բանկի միակ բաժնետերը եւ ներդրողը շարունակում է մնալ պետությունը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս