«Նախորդ կառավարությունում մի նախագիծ էր թևածում, չգիտեմ, որքանով այն տեղ կգտնի այս կառավարության ծրագրերում»,- այսօր խորհրդարանում, 2013 թվականի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ` դիմելով Վերահսկիչ պալատի աշխատակազմի ղեկավար Արտավազդ Ներսիսյանին` նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Նա հստակեցրեց, որ խոսքն այն նախագծի մասին է, որը ՎՊ-ին զրկում է որևէ հայտարարություն անելու իրավասությունից` դրանք քաղաքական որակելով: «Դա նախորդ կառավարության մտքի փայլուն արգասիքն էր»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
«2013 թվականի բյուջեի կատարողականին վերաբերվող խիստ հատկանշական հարց է»,- նշեց նիստը նախագահող ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, սակայն հնարավորություն տվեց, որպեսզի հարցին պատասխան հնչի:
ՎՊ աշխատակազմի ղեկավարն էլ նկատեց, որ հարցն իր իրավասության շրջանակից դուրս է, բայց ասաց, որ իրենց կառույցի վերաբերմունքը նախագծին գրավոր ներկայացվել է կառավարությանը: Արձագանքից ինքը տեղյակ չէ, բայց հույս հայտնեց, որ 2014-ին ինչ-որ բան կփոխվի: