Սերժ Սարգսյանի ստորագրելուց հետո անգամ «Դե!մ եմ»-ը չի նահանջի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է  Ազգային ժողովի ընդունած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը:

Մասնավորապես, այս փոփոխությամբ նախատեսվում է, որ գործատուն վարձու աշխատող և պայմանագրային եկամուտ ստացող մասնակիցների համար կուտակային վճարներ չի հաշվարկում և չի փոխանցում, եթե մասնակիցը առձեռն կամ փոստային առաքմամբ գործատուին ներկայացնում է պարտադիր կուտակային վճարները չհաշվարկելու և չփոխանցելու մասին դիմում:

Ընդ որում, այս դրույթի գործողությունը տարածվում է 2014 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա, այսինքն` ստանում է հետադարձ ուժ:

Ուժը կորցրած է ճանաչվում գործող օրենքի 76-րդ՝ պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար պատասխանատվություն սահմանող հոդվածը:

Բացի այդ, պարտադիր կուտակային վճարը հաշվարկելու և փոխանցելու պարտավորություն ունեցող անձն ազատվում է մինչև այս օրենքն ուժի մեջ մտնելն ընկած ժամանակահատվածի համար պարտադիր կուտակային վճարը չկատարելու կամ ուշացումով կատարելու համար օրենքով նախատեսված պատասխանատվությունից:

Նախագահի` վերոնշյալ փոփոխություններով օրենքի ստորագրումը, «Դե!մ եմ»-ի նախաձեռնող Դավիթ Մանուկյանի գնահատմամբ, լավ արդյունք չէ, սակայն ինչ-որ դրական հետևանք կարելի է համարել:

«Որոշակի հաջողություն է, որին հասել ենք պայքարի միջոցով, բայց դա շատ քիչ է, քանի որ ես վստահ եմ, որ այդ աջակցությունները` վարչապետի կողմից արված, կարող ենք միջանկյալ հաջողություններ համարել»,- Armlur.am-ի հետ զրույցում գնահատեց նախաձեռնության անդամը` միաժամանակ վստահեցնելով, որ սա չի նշանակում, թե իրենց պայքարը չի շարունակվելու կամ իրենք դադար են առնելու:

Ակտիվիստը համոզմունք հայտնեց, որ մինչև չստանան իրենց ուզած արդյունքը, չեն նահանջելու:

Տաթև Հարությունյան




Լրահոս