ՄԵՆՔ ՄԵՐՈՆՑՈՎ
«Քննարկվել են միայն մայիսի 24-ին կայանալիք ՀՀԿ համագումարի կազմակերպչական հարցերը»,-այս մասին երեկ` ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Իսկ ի պատասխան լրագրողների հարցերին, թե Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկա կլինի համագումարին, Շարմազանովը զարմացած պատասխանեց. «Իսկ ե՞րբ է ներկա եղել երկրորդ նախագահը, որ հիմա լինի»: Ի դեպ ՀՀԿ-ն համագումարն անելու է միայնակ, որեւէ քաղաքական ուժ հրավիրված չէ:
ԱԶԱՏՎԵԼ Է
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ Եղիշե Կիրակոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:
ՄԱՍՆԱԿՑԵԼ Է
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երեւանի պետական համալսարանում մասնակցել է մայիսի 14-16-ն անցկացվող Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի գլխավոր վեհաժողովի աշխատանքներին: «Ասոցիացիայում Հայաստանի ակադեմիական շրջանակների ներգրավվածությունը լիովին համահունչ է մեր երկրում բարձրագույն կրթական համակարգի լայնածավալ բարեփոխումների քաղաքականությանը, որը սկիզբ է առել դեռեւս 2005թ.-ին` Բոլոնիայի գործընթացին Հայաստանի միանալով»,- նշել է վարչապետը:
ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) մամուլի քարտուղար Վերոնիկա Խորասանյանը նամակով դիմել է ԱԺ գիտության եւ կրթության հանձնաժողովին` ահազանգելով, որ բուհի երիտասարդ դասախոսներին նախկինի պես սպառնում են ազատել աշխատանքից` կապված պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ նրանց պայքարի հետ: Երեկ ԱԺ-ում այդ նամակին են անդրադարձել ՀԱԿ եւ ՕԵԿ խմբակցությունների պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյանն ու Հովհաննես Մարգարյանը:
ՎՐԻՊԵԼ ԵՆ
Հայաստանի իշխանությունները, Ֆրանսիայի նախագահի այցի առթիվ կազմակերպված միջոցառումներին ընդդիմությանը մասնակցության հրավեր չուղարկելով, քաղաքական վրիպում են թույլ տվել: Երեկ նման կարծիք է հայտնել ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի եւ քաղաքական հարցերով ղեկավար Կիրո Մանոյանը` ընդգծելով, որ ի հակառակ դրա` Օլանդին ուղեկցող ֆրանսիական պատվիրակության կազմում ինչպես հայկական համայնքի տարբեր քաղաքական հայացքներ կրող անդամներ էին, այնպես էլ այդ երկրի տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ:
«ԿՈՒՏԱԿԱՅԻՆՆ» ԸՆԴՈՒՆՎԵՑ
Երեկ ԱԺ-ում քվեարկության դրվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց ձայների՝ 67 կողմ, 18՝ դեմ, 29՝ ձեռնպահ հարաբերակցությամբ: ՕԵԿ-ական Հ. Մարգարյանը հայտնեց, որ իրենք դեմ են քվեարկելու նախագծին: Դեմ են քվեարկել նաեւ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամներ Գուրգեն Արսենյանը, Մերուժան Սիմոնյանը եւ Հայկ Խաչատրյանը: