ԸՆԴԱՄԵՆԸ 36 ՕՐ (խմբագրական)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Ազգային ժողովում ներկայացնելով ՀՀ կառավարության ծրագիրը` վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդես է եկել մի շարք ուշագրավ հայտարարություններով, որոնք ավելորդ անգամ ի ցույց են դնում նորանշանակ վարչապետի արժեհամակարգն ու սկզբունքները: Նախ` անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգին` Հովիկ Աբրահամյանը համակարգի կասեցման գաղափարը որակել է ամբոխահաճո. «Կենսաթոշակային բարեփոխումները մեր երկրում անհրաժեշտ են, եւ դրանք անպայման ունենալու են պարտադիր բաղադրիչ, սակայն մենք պարտավոր ենք բարեփոխումների այնպիսի ուղի գտնել, որը շահավետ կլինի բոլորի համար եւ կխթանի մարդկանց մասնակցությունն այդ գործընթացին: Այն պետք է լինի «պարտադիր, բայց ոչ պարտադրված»: Համաձայնեք` ավելի ամբոխահաճ ձեւակերպմամբ դժվար է հանդես գալ: Մի կողմ թողնելով նշանակման հաջորդ իսկ օրվանից իրեն անմնացորդ կերպով ամբոխահաճությանը նվիրելու` Աբրահամյանի վարչապետության մեկնարկը, արձանագրենք, որ «պարտադիր, բայց ոչ պարտադրված» լեզվական աճպարարությունն անգամ ամբոխահաճության չի ձգում, այնքան որ ակնառու «նոնսենս» է:
«Նոնսենսների» հաջորդ չափաբաժինը Աբրահամյանը փոխանցեց արդեն գործարարների համար հավասար մրցակցային դաշտ ստեղծելու հետ կապված հայտարարությունների ընթացքում: «Ստվերը բոլորիս թշնամին է, եւ պայքարը ստվերի դեմ լինելու է անողոք, անաչառ եւ հետեւողական: Ուզում եմ եւս մեկ անգամ հայտարարել` ամեն ոք բարեփոխումները պետք է սկսի իրենից: Առավել խստապահանջ եմ լինելու իմ մերձավորների նկատմամբ: Եվ բոլորը պետք է իմանան, որ զոռբայությամբ կամ իշխանական լծակների օգնությամբ մեր երկրում ոչ ոք չի կարող յուրացնել ուրիշի ունեցվածքը կամ բիզնեսը»: Փաստորեն` Հովիկ Աբրահամյանն այդ ամենը հասկացել է միայն վարչապետի աթոռին նստելուց հետո: Հակառակ դեպքում` ինչն էր նրան խանգարում իր մերձավորների նկատմամբ առավել խիստ լինել ԱԺ նախագահի պաշտոնում, ինչու Աբրահամյանը չէր փորձում այդ ժամանակ բարեփոխվել եւ սեփական ահռելի բիզնեսները ստվերից դուրս հանել: Իսկ ինչ վերաբերում է զոռբայությամբ ուրիշի բիզնեսները յուրացնելու անթույլատրելիությանը, ապա Հովիկ Աբրահամյանի շուրթերից նման հայտարարությունը մեկնաբանելը, մեղմ ասած, անիմաստ է:
Նորանշանակ վարչապետի հաջորդ ուշագրավ հայտարարությունը կապված էր կառավարության ծրագրում աշխատատեղերի բացման մասին խոստումների բացակայության հետ: Այս դեպքում արդեն Աբրահամյանը ոչ ավել, ոչ պակաս` իր նախորդին բացահայտ կերպով ստախոս անվանեց. «Ես սուտ խոստումներ չեմ ուզում տալ: Հիմա գրենք 100 հազար աշխատատեղ, է, գրած էր, ես դեմ եմ նման թվեր գրելուն»,-ասաց Սերժ Սարգսյանի` նախորդներին չփնովելու հորդորը բանի տեղ չդնող վարչապետը:




Լրահոս