ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՒՄ ԳՈՒՄԱՐԵԼԻՆԵՐԻ ՏԵՂԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը դեռեւս ՀՀ կառավարության ձեւավորումից անմիջապես հետո տեղեկացրել էր, որ նորաթուխ կառավարությունը չի պատրաստվում որեւէ նշանակալի փոփոխություն կատարել իր նոր ծրագրում: Տեղեկացրել էինք նաեւ, որ կառավարությունը ներկայացնելու է հին ծրագիրը, այն անվանելով ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի նպատակային ծրագիր` բավարարվելով մի քանի «կոսմետիկ» փոփոխություններով: Եվ ահա երեկ ԱԺ-ում ներկայացված կառավարության նոր ծրագրում միայն խոշորացույցով էր հնարավոր ինչ-որ առարկայական փոփոխություն «պեղել»: «Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հետ՝ պարզելու, թե ինչու է նոր ձեւավորված կառավարությունը ներկայացել հին ծրագրով:

-Պարոն Հարությունյան, ՀՀ կառավարության նոր ծրագիրը գրեթե ոչնչով չի տարբերվում նախկին կառավարության ծրագրից, կարելի է ասել՝ ընդամենը «կոսմետիկ» փոփոխություն է կատարվել: Ինչո՞ւ եք արտատպել նույն ծրագիրը եւ «նորի» անվան տակ ներկայացրել:
-Նախ պետք է նշեմ, որ երկու ծրագրերն էլ Հանրապետական կուսակցությունը ներկայացնող կառավարությունների ծրագրերն են, իհարկե այդ առումով… ընդհանուր առմամբ դա կուսակցության ծրագիրն է, որը ներկայացված է եղել թե՛ խորհրդարանական, թե՛ նախագահական ընտրությունների ժամանակ: Ու այս առումով, ուղղությունների առումով կարող են լինել նաեւ նմանություններ: Իսկ ինչ վերաբերում է որոշակի, կոնկրետ ոլորտներին, ապա կարծում եմ, որ այն անձը, ով նման հայտարարություն է անում, մեղմ ասած, անկեղծ չէ: Իհարկե կան ուղղություններ, որտեղ դեռ մենք շարունակում ենք նույն աշխատանքը եւ այդ բաժիններում նոր խոսք չենք ասում, բայց բազմաթիվ հարցերում դուք կարող եք հայտնաբերել շատ կարեւոր եւ նոր ուղղություններ: Այս առումով վարչապետն իր ելույթում մի քանի ծրագրեր ներկայացրեց, որոնք կարծում եմ՝ արմատական նշանակություն ունեն: Օրինակ՝ ինչպես ենք մենք պատկերացնում օգնությունը գյուղին` բացարձակապես նոր մոտեցում է: Ու այդ առումով, իհարկե, այս ծրագիրը բազում նորույթներ է պարունակում:
-Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ծրագրային առաջնահերթություններից էր տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, եւ նկատելի է, որ այս ծրագրում Դուք հատուկ, ընդգծված ուշադրություն եք դարձրել հենց այս ոլորտին: Ինչ էիք ուզում դրանով ընդգծել…
-Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում որոշակի նորություն է նախատեսված, վարչապետը եւս արձագանքել է այն մոտեցումներին, որոնք որդեգրվել են ՏՏ-ի դաշտում: Այն, որ դա մեզ համար առաջնահերթություն է, իհարկե գաղտնիք չէ, դա առաջնահերթություն է եղել նաեւ ՀՀԿ-ի համար, առաջնահերթություն է նաեւ այն կառավարության համար, որը ներկայացնում է ՀՀԿ-ն:
-Նաեւ աչք ծակող էր այն, որ կառավարության ծրագրում չկան կոնկրետ խոստումներ աշխատատեղերի բացման հետ կապված: Մինչդեռ նախկին կառավարությունն այդ առումով իր ծրագրում ավելի հուսալի կետեր էր նշել: Ինչո՞ւ եք աշխատատեղերին վերաբերող կետերը «սրբագրել» կառավարության ծրագրում:
-Կառավարությունն աշխատատեղ ստեղծող չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսքը գնում է պետական ծառայության մասին: Այս առումով կարծում եմ՝ պետությունը պետք է կատարի օպտիմալացման քայլ, կառավարությունը պարտավոր է ստեղծել նախադրյալներ աշխատատեղեր ստեղծելու համար: Մենք վաղուց դուրս ենք եկել պլանային տնտեսություն հասկացությունից եւ այդ ուղին այլեւս որեւէ ժամանակակից երկիր կարծես թե չի որդեգրում: Մեր նպատակն է ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի ձեռնարկատերերն իրենք ստեղծեն աշխատատեղեր:

-Պարոն Մելիքյան, նոր ձեւավորված կառավարությունը ներկայացել է նախկին կառավարության հին ծրագրով` աննշան փոփոխություններով: Ըստ Ձեզ, ինչո՞ւ կառավարությունը որեւէ նոր բան չի ներկայացնում:
-Նոր եւ նախորդ ծրագրերում, տարբերություն եթե շատ եք ցանկանում փնտրել, ապա չեք էլ կարող գտնել, որովհետեւ դա ՀՀԿ-ի եւ ՀՀ նախագահի ծրագրային դրույթներից բխող կառավարության ծրագիրն է, որը շարունակությունն է նախորդի, ավելի հստակեցված, ավելի իրատեսական եւ որոշումների առումով ավելի պարզ:
-Բայց նախկին կառավարությունը փոխվեց հենց այն պատճառով, որ իրատեսական ծրագիր չէր ներկայացրել եւ չէր կարողացել երկրում իրավիճակ փոխել: Հիմա ստացվում է, որ խնդիրն ընդամենը անձերի փոփոխությու՞նն է եղել:
-Ես կրկնում եմ՝ այս ծրագիրը նույն կուսակցության, նույն նախագահի ծրագրային դույթներից բխող կառավարության ծրագիր է: Այնտեղ էլ, այստեղ էլ մեր գլխավոր նպատակը եղել է ՀՀ տնտեսության զարգացումը, մարդու բարեկեցության զարգացումը, աղքատության նվազեցումը, արտագաղթի դադարեցումը, այսինքն՝ բոլոր այն դրույթները, որոնք եղել են ՀՀ նախագահի ծրագրում: Ու դա կա նաեւ այստեղ: Դուք մի փնտրեք ինչ-որ բաներ, նոր ձեւավորված կառավարությունն իր աշխատանքի շնորհիվ է կարողանալու փոփոխություններ կատարել: Մենք նախապես այս ծրագիրը քննարկել ենք կուսակցությունում ու այն դրույթները, որոնք ներառված են ծրագրում, դրանք եղել են ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում: Մենք այս ծրագրով գնացել ենք ընտրության ու ժողովուրդն այդ ծրագրի շնորհիվ մեզ ընտրել է:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս