ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԿՄՏԱԾԻ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Գրիգոր Գրիգորյանին՝ Շերիֆին, խորհրդարանում փոխարինելու հարցը ԲՀԿ-ում աժիոտաժ է առաջացրել: Ըստ ԲՀԿ համամասնական ցուցակի` Գ. Գրիգորյանին ԱԺ-ում պետք է փոխարիներ ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանը: Սակայն ԲՀԿ-ում ցանկանում են, որպեսզի Շերիֆին փոխարինի ոչ թե եզդի համայնքի ներկայացուցիչը, այլ Հրազդանի հացի գործարանի տնօրեն Տիգրան Ներսիսյանը: Սա առաջացրել է եզդիների զայրույթը, որոնք նախօրեին նամակով դիմել են ԲՀԿ առաջնորդին: Հայտարարությանը միացել են «Եզդիների համախմբում», «Միդիա-Շանգալ», «Հայաստանի եզդի երիտասարդներ», «Սինջար եզդիների ազգային միավորում» եզդիական հասարակական կազմակերպությունները: Դիմումում, մասնավորապես, նշվում է. «Քանի որ հիմա կա հնարավորություն Ձեր ղեկավարած կուսակցության ցուցակով ԱԺ-ում ունենալ ազգությամբ եզդի պատգամավոր, մենք՝ Հայաստանի եզդիական համայնքի հազարավոր ներկայացուցիչներս, Ձեզ ենք դիմում խնդրանքով ու մեծ ակնկալիքով, որ այս անգամ մեր համայնքը հուսախաբ չի լինի, ու Ձեր օգնությամբ մենք վերջապես Ազգային Ժողովում կունենանք մեր ազգի ներկայացուցչին»: Բայց թե որքանով Գ. Ծառուկյանը կիրականացնի եզդիների խնդրանքը՝ ապագան ցույց կտա:
ԽՆԱՄԻԱԲԱՐ
Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Նաիրա Զոհրաբյանը` դիմելով վարչապետ Հովիկ Աբրահամյանին, հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանն ինքն է ասել, որ հասարակության 80 տոկոսը դեմ է պարտադիր կուտակային համակարգին: «Հանրության 80 տոկոսին գոնե պետք է լինել ականջալուր, իսկ կառավարության ծրագրում կրկին ֆիքսված է պարտադիր կուտակայինը»,- ասաց Զոհրաբյանը: Իհարկե Հովիկ Աբրահամյանը արդարացավ, թե լինելու է պարտադիր, բայց ոչ պարտադրված, եւ որ ինքն անելու է հնարավորինս ամեն ինչ, որ ԱԺ բերվելիք «նախագծերի փաթեթը լինի հասարակության լայն խավերի կողմից ընդունված», սակայն նկատենք, որ սա ԲՀԿ-ականների կողմից հնչեցված միակ ամենասուր հարցն էր, իսկ մյուս հարցերից տպավորություն էր՝ որքան էլ Ծառուկյանն ասի, թե խնամիությունը քաղաքական կատեգորիա չէ, այնուամենայնիվ, ԲՀԿ-ականներն իրենց հարցերը նախօրոք համաձայնեցրել էին կուսակցության առաջնորդի խնամու հետ:
ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ
Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ կազմակերպված հանրային քննարկման ժամանակ, երեկ ՍԴ նախագահ, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Հարությունյանը հայտարարել է, թե դեռեւս քննարկման փուլում է գտնվում կիսանախագահական համակարգի լուծման հետ կապված հարցը. «Հուլիսի 1-ին մենք պետք է հանձնաժողովի՝ արդեն լրամշակված, հանրային քննարկումների արդյունքները հաշվի առած փաթեթը ներկայացնենք հանրապետության նախագահին: Դրանից հետո, եթե հավանության արժանացավ հայեցակարգը, նոր կսկսվի աշխատանքը կոնկրետ փոփոխությունների փաթեթի մշակման ուղղությամբ»: