ԶՈՌԲԱՅԱՄԻՏ (խմբագրական)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդամենը երկու օր առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ազգային ժողովում հայտարարում էր, թե «բոլորը պետք է իմանան, որ զոռբայությամբ կամ իշխանական լծակների օգնությամբ մեր երկրում ոչ ոք չի կարող յուրացնել ուրիշի ունեցվածքը կամ բիզնեսը»: Երեկ նորանշանակ վարչապետի ասածի հակառակը փաստող հայտարարությամբ է հանդես եկել «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ն, ահազանգելով, որ «Մարզահամերգային համալիրի հայտարարված էլեկտրոնային աճուրդն անօրինական է եւ իրականացվում է ՀՀ մի շարք օրենքների խախտումներով»:
Տարածված հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Մարզահամերգային համալիրի, որպես պատմամշակութային հուշարձանի, փաստացի շուկայական արժեքի գնահատում չի կատարվել. ԴԱՀԿ-ը հրաժարվում է տրամադրել գնահատման վերաբերյալ հաշվետվություն: «Բեստ Ռեալթի» ՍՊԸ-ի երկու բաժնետերերը, որոնք գրանցված են օֆշոր Պանամա համաշխարհային կենտրոն 0832, ԴԱՀԿ ծառայություն են ներկայացրել իրականությանը չհամապատասխանող գնահատում` 25,8 միլիարդ ՀՀ դրամ:
2014թ.-ի մայիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազին ներկայացվել է հաղորդում ԴԱՀԿ-ի աշխատակիցների կողմից պաշտոնական դիրքի չարաշահումների վերաբերյալ: Քանի որ որոշումը դատարանի կողմից դեռեւս ուժի մեջ չի մտել եւ գտնվում է Վերաքննիչ դատարանի քննության փուլում, ԴԱՀԿ-ը հիմք է ընդունել առաջին ատյանի դատարանի որոշումը. անօրինական կատարողական վարույթը վերսկսվել է եւ գույքը ներկայացվել է էլեկտրոնային աճուրդին»:
Այսպիսով` Հայաստանի համար եզակի նշանակություն եւ արժեք ունեցող համալիրի աճուրդի հետ կապված աննախադեպ մասշտաբի «զոռբայության եւ իշխանական լծակների» չարաշահման մասին պաշտոնական հայտարարություն է տարածվել, որին, սակայն, ՀՀ կառավարությունը որեւէ կերպ չի արձագանքել:
Ընդ որում, խոսքը գնում է «զոռբայությամբ եւ իշխանական լծակների օգտագործմամբ» ահռելի հարստություն դիզած գործարար-պաշտոնյայի` ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանի մասին, ով ժամանակին առանցքային դերակատարություն է ունեցել նաեւ այլոց բիզնեսների եթե չասենք` յուրացման, ապա սնանկացման մեջ: Ամենահիշվող օրինակը «Սթար» սուպերմարկետների ցանցի սնանկացումն էր, որում իր ուրույն դերն ուներ Պողոսյանը: Ընդ որում, այս պաշտոնյայի մոտ «զոռբայության» դրսեւորումներն այնքան ակնառու էին, որ նա, անգամ իր աշխատասենյակում հարվածելով ՀՀ կառավարության աշխատակազմի ներկայիս ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի քեռուն (իր ենթակային եւ իր հոր տարիքի մարդուն)` ոչ միայն պաշտոնանկ չարվեց, այլեւ կոչման բարձրացում ունեցավ, իսկ դրա համար պաշտոնանկ արվեց արդարադատության նախարար, իր ոլորտի եզակի պրոֆեսիոնալ Գեւորգ Դանիելյանը:
Դե ինչ` Հովիկ Աբրահամյանին լավ հնարավորություն է ընձեռվել ապացուցելու, որ ի տարբերություն խնամու, իր խոսք իրապես գործ է: Սպասենք:




Լրահոս