«Հրաշալի քառյակ»-ը հայտնվել է Կռիլովյան եռյակի կարգավիճակում. մի կողմից որոշել են միասնական դիրքորոշում ցուցաբերել կառավարության ծրագրի նկատմամբ, մյուս կողմից, սակայն, երեկվա դրությամբ դեռ վերջնական որոշում չէին կայացրել` «դեմ» կքվեարկեն, թե ընդհանրապես չեն մասնակցի քվեարկությանը: ԲՀԿ-ն ցանկանում է բոյկոտել քվեարկությունը, ՀՅԴ-ն կողմ է «դեմ» քվեարկելուն, ՀԱԿ-ը դեմ է, իսկ ՀԱԿ խմբակցությունից Հրանտ Բագրատյանը գտնում է, որ կառավարության ծրագրից առաջին անգամ ծրագրի հոտ է գալիս: Իսկ մինչ այդ, նկատենք, որ նոր կառավարության ծրագիրը երեկ ԱԺ-ում քննարկվում էր բավականին թեժ մթնոլորտում: Թեեւ, ինչպես նշում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, ընդդիմության կողմից հիմնական հարձակումը սպասվում է այսօր:
Երեկ Նիկոլ Փաշինյանը նախ Հովիկ Աբրահամյանին հարցրեց, թե ինչպես է ստացվել, որ վարչապետը, նրա հետ փոխկապակցված անձինք, նախարարները հսկայական հարստություն են կուտակել: Վարչապետը վիրավորվեց այս խոսքերից՝ հակադարձելով. «Դուք մենակ քննադաում եք… Եթե մտածում եք, որ իմ ունեցվածքն ապօրինի է՝ դիմեք դատախազություն, թող ստուգեն, ուրիշի փողերը հաշվելն ամենահեշտն ա»:
Ավելի ուշ, Նիկոլ Փաշինյանն իր ելույթում կրկին անդրադարձավ պաշտոնյաների ունեցվածքին, որը վերածվեց բանավեճի: ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը տեղից սկսեց արձագանքել. «Ինչ ես ուզում, արա: Ի՞նչ ես կպել վարչապետից: Ընտանիքներին մի կպի, ընտանիքը սրբություն ա»: «Ըստեղ բազար չի, արա»,-հակադարձեց Փաշինյանն ու կոչ արեց ԱԺ նախագահին՝ կարգի հրավիրել պատգամավորներին: «Հիմա ո՞ւմ կարգի հրավիրեմ` ձե՞զ, թե՞ պատգամավորին»,-Մովսիսյանին պաշտպանեց Գ.Սահակյանը՝ Փաշինյանին հորդորելով չարություն չանել: «Եթե դուք թոթովախոս եք, դժվար եք բառերը գտնում ու կապում իրար, դա չի նշանակում, որ Ազգային ժողովը մանկապարտեզ է»,- հակադարձեց Փաշինյանը:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ հայտարարեց, թե իրենք չեն վստահում Սերժ Սարգսյանի կառավարությանը, հետեւաբար չեն կարող կողմ քվեարկել նրա նշանակած կառավարությանը: ՀՀԿ-ն երեկ գործի էր դրել իր ծանր հրետանին` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն արտահերթ իր ելույթում արձագանքելով քննադատություններին՝ ասաց, որ անգամ եթե ծրագիրը բաղկացած լիներ Քրիստոսի 10 պատվիրաններից, էլի կլինեին մարդիկ, ովքեր այդ 10 պատվիրանների մեջ կգտնեին արտաքին ճնշումներ, կոռուպցիոն ռիսկեր եւ այլն: Վերջում էլ առաջարկեց, «Քանի այս կազմով հավաքվել եք ու քանի դեռ խորհրդարանում եք, միասին մի հատ սելֆի արեք: Գոնե մի վառ հիշողություն ԱԺ-ում կատարած ձեր աշխատանքից կհիշեք»:
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ