ԿԱԴՐԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրամանով՝ Արդարադատության առաջին դասի խորհրդական Գարիկ Սերյոժայի Հայրապետյանը նշանակվել է Սեւանի կայազորի զինվորական դատախազ: ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով՝ արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական, Սեւանի զինվորական կայազորի դատախազ Թեւոս Նարիմանի Միրզաբեկյանն ազատվել է պաշտոնից՝ անձնական դիմումի համաձայն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
ՀԵՏՄԱՀՈՒ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ
Մայիսի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994 թվականին ծնված Արթուր Սեյրանի Օհանջանյանը: ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանով Արթուր Օհանջանյանը պարգեւատրվել է «Մարտական Ծառայություն» մեդալով:
ՀԱՍԿԱՑՈՂՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ Է
«Իսկ դա ձեզ չպետք է հետաքրքրի, դա իմ ու Արմենի խնդիրն է»,-այսպես է պատասխանել Հրայր Թովմասյանը Aravot.am-ի հարցին, թե իր հասցեին հնչեցրած արտահայտությունների համար Արմեն Ռուստամյանը երբ է պատասխան տալու, քանի որ պարոն Թովմասյանը նշել էր, որ երբ արդեն պաշտոնյա չլինի, այդ ժամանակ Արմեն Ռուստամյանը պատասխան կտա: Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյան-Արմեն Ռուստամյան հակամարտությունն առաջացավ այն ժամանակ, երբ Հրայր Թովմասյանը ոչ իշխանական ուժերի հասցեին հնչեցրել էր «ղալաթ են անում» արտահայտությունը, որին հաջորդել էր Արմեն Ռուստամյանի արձագանքը: Իհարկե դա Հրայր Թովմասյանի խնդիրն է ու հասկացողության մակարդակը, թե ինչպես կպատասխանի Արմեն Ռուստամյանին:
ՀՅԴ-Ն ԴԵՄ Է ՄԻԿՈՅԱՆԻՆ
Անաստաս Միկոյանի արձանի տեղադրումը սրբապղծություն է անմեղ զոհերի հիշատակի հանդեպ: Նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեն: