ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԵՐԹԱԿԱՆ ՏՈՒԳԱՆՔԸ

«Ժողովուրդ»-ը նախորդ համարներում գրել էր, որ Պետական եկամուտների կոմիտեն թիրախավորել է «Սպայկա» ընկերությանը եւ ժամանակ չի կորցնում ամեն ամիս տուգանքի ենթարկելով ընկերությանը: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ 2014թ. մայիսի 13-ին եւս ՊԵԿ-ը տուգանել է ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին, քանի որ վերջինս Հայաստան է ներմուծել 20915կգ նետտո քաշով սպիտակագլուխ կաղամբ, որի հայտարարագրման փաստաթղթերը, ըստ սահմանված կարգի, ժամանակին չեն ներկայացրել մաքսային մարմին,ինչի արդյունքում ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը տուգանվել է 100.000 դրամով:

ԴԱՏԱՊԱՐՏՅԱԼ Է ՄԱՀԱՑԵԼ

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ երեկ արտառոց դեպք է տեղի ունեցել «Կոշ» քրեակատարողական հիմնարկում: Մեզ հասած տեղեկություններով՝ քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, մոտ 46-ամյա Արտավազդ Գոհարյանի վիճակը կտրուկ վատացել է: Ըստ մեզ հասած տեղեկությունների` Արտավազդի բերանից արյուն է եկել եւ ՔԿՀ աշխատակիցները ստիպված են եղել նրան շտապ տեղափոխել հիվանդանոց: Սակայն Աշտարակի հիվանդանոցում ստուգելով դատապարտյալին՝ ասել են, թե որեւէ խնդիր չկա: Արտավազդին հիվանդանոցից տեղափոխել են նորից «Կոշ» քրեակատարողական հիմնարկ: Արդյունքում Արտավազդ Գոհարյանը մահացել է: Նշենք, որ Արտավազդը դատապարտված էր սպանության համար:

ԿԱՆԱՅՔ ՄԻԱՍԻՆ ԵՆ ԳԻՇԵՐՈՒՄ

Այս ամիսների ընթացքում ՀՀ գրեթե բոլոր համայնքների բնակիչները մեկնում են Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: Նույն պատկերն է նաեւ ՀՀ Արագածոտնի մարզի Գեղաձոր համայնքում, որտեղ տղամարդկանց գերակշիռ մասը ՌԴ-ում է: Պարզվում է, որ Գեղաձորի կանայք գիշերները միայնակ չմնալու համար հերթով հավաքվում են մեկի տանը: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Գեղաձորի համայնքապետ Յուրա Մարգարյանի հետ. «Միշտ մեր համայնքից ամեն տարի տղամարդիկ մեկնում են արտագնա աշխատանքի ու նորից հետ վերադառնում: Այս պահին ավելի քան 100 տղամարդ ՌԴ-ում է, բայց որ նրանց կանայք միմյանց տանը գիշերեն, նման բան չկա»: Իսկ, օրինակ, Էջմիածնի տարածաշրջանի գյուղացի կանայք հաճախ կատակում են, թե «գյուղում տղամարդ չկա, այդ պատճառով էլ հանգիստ կարող ենք դրսում՝ արեւի տակ, տաշտը դնել ու լողանալ»: Այստեղից մեզ մնում է եզրակացություն անել, որ հատկապես արական սեռի ներկայացուցիչների զանգվածային արտագաղթն անդրադառնում է ոչ միայն երկրի ժողովրդագրական պատկերի, այլեւ հասարակական կյանքի ամենատարբեր ոլորտների ու կենցաղի վրա:




Լրահոս