Երեկ «Ժողովուրդ»-ը հրապարակել էր, որ մայիսի 17-ին Վերնիսաժի հարակից տարածքում կրակոցների հետեւանքով ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի՝ «Յուվեցի Կարոյի» թոռնիկը` 2 տարեկան 8 ամսական Լիլի Առաքելյանը սթերս է տարել եւ չի խոսում: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երեխայի վիճակը փրկելու համար նրան տեղափոխել են Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաք: Պարզվում է նաեւ, որ Գոռին ծեծի ենթարկածները ՌԴ-ում գտնվում են հետախուզման մեջ, հանցագործ աշխարհում հայտնի դեմքեր են, անգամ նրանցից մեկը ցանկանում է «գող դառնալ»:
Եվ այսպես, «ժողովուրդ»-ը շարունակում է ներկայացնել մանրամասներ, թե իրականում ինչպես է տեղի ունեցել միջադեպը: Եվ այսպես, ըստ միջադեպի ականատեսների` Կարո Կարապետյանի փեսան` Գոռ Առաքելյանը, կնոջ ու երեխայի հետ շենքի ավտոկայանատեղիից դուրս գալիս է եղել: Նրանք հրավիրված են եղել Ստեփանավան՝ խնջույքի, սակայն ավտոկայանատեղիից դեպի փողոց դուրս գալու ճանապարհը փակված է եղել: Գոռի մեքենայի հետեւում եւս մեկ մեքենա է կանգնած եղել` ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական բաժնի պետի` Մարատ Դուրյանի մեքենան: Նա եւս եղել է իր կնոջ եւ երեխայի հետ: Նշենք, որ Մարատ Դուրյանը չի ժխտել «Ժողովուրդ»-ի՝ երեկ տպագրած լուրը, որ ինքը նույնպես եղել է դեպքի վայրում:
Նկատենք, որ, ըստ էության, երեք մեքենա ավտոկայանատեղիից չի կարողացել դուրս գալ, մեկ այլ մեքենայի ճանապարհը փակելու պատճառով: Ինչու ենք նշում երեք մեքենա, քանի որ տեղեկություններ կան, որ ԱԺ պատգամավորներից մեկի վարորդը նույնպես ճանապարհի փակ լինելու պատճառով չի կարողացել դուրս գալ ավտոտնակից եւ ականատես է եղել ողջ միջադեպին: Իսկ թե կոնկրետ որ պատգամավորի վարորդի մասին է խոսքը, առայժմ հայտնի չէ:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Կարո Կարապետյանի փեսան իջել է մեքենայից, որպեսզի տեսնի, թե ում BMW X 6 մակնիշի մեքենան է փակել իրենց ճանապարհը: Ականատեսների վկայությամբ, Գոռը նրանց ասել է. «Ախպեր ջան, քեզ ենք սպասում, արի մեքենադ քաշի, դուրս գանք»: Էդ մեքենայի վարորդներն, ըստ ականատեսների, շատ ջանավար տղեք էին, Գոռին պատասխանեցին. «Արա, ոնց ես խոսում, պետք լինի 15 րոպե էլ կսպասես»: Ու այդտեղից սկսվել է լեզվակռիվ: Էդ ջանավար տղեքը` Գոռի դոշերից բռնեցին ու տվեցին պատին: Գետնին էին գցել ու քացիներով խփում էին: Գոռը փախավ, ուզում էր հասնել մեքենային, որ, երեւի, փրկվեր, բայց քաշին մեքենայից գցեցին ու էլի ծեծեցին»:
Ըստ մեր զրուցակիցների` այդ ընթացքում Գոռի կինը սկսել է գոռալ, թե ինչ եք անում, երեխան լացում է, վախենում է, դադարեցրեք:
Այս պատմության մեջ ամենատարօրինակը ՀՀ ոստիկանության Արագածոտնի մարզի քննչականի պետ Մարատ Դուրյանի պահվածքն է: Նա Գոռի ծեծին հետեւել է մեքենայի մեջ նստած: Եվ երբ տեսնել է, որ բանը բանից անցնում է, դուրս է եկել մեքենայից, սակայն չներկայանալով ոստիկանության աշխատակից, ասել է՝ դարարեցրեք, ինչ եք անում: Մեր տեղեկություններով՝ ծեծողներն այդ պահին թողել են Գոռին ու Մարատ Դուրյանին են հարվածել, դեմ տալով պատին, թե դու մի խառնվի, թե չէ վատ կլինի:
Մինչ Վալերին եւ Նորայրը հաշիվները մաքրել են Մարատ Դուրյանի հետ, Գոռը հասցրել է մոտենալ մեքենային եւ հանելով զենքը, կրակել է Վալերի եւ Նորայրի ոտքերի տակ:
Սակայն նրանք չեն վախեցել, առաջ են եկել: Գոռը կրակել է իրեն ծեծողներից մեկի ոտքին: Մյուսն այդ պահին շտապել է դեպի իր մեքենան՝ հավանաբար զենք բերելու: Գոռ Առաքելյանը, սակայն, ավելի առաջ է ընկել, հասել է նրա հետեւից, բացել ավտոմեքենայի դուռը ու հենց մեքենայի մեջ կրակել՝ դարձյալ ոտքերին:
Ովքե՞ր են «կաստալոմներ» Վալերին եւ Նորայրը
Վերջիններս ծագումով ջավախցիներ են եւ բնակվում են Ռուսաստանում, ապրում են քրեական բարքերով: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ տղաներից մեկը մոտ երկու ամիս առաջ է եկել Հայաստան եւ այժմ Ռուսաստանում գտնվում է հետախուզման մեջ: Իսկ մյուս երիտասարդը մոտ 10 օր առաջ է Հայաստան եկել:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ այս տղաները մոտ 10 օր առաջ կայարանում լուրջ ծեծկռտուք են սարքել: Իսկ այս դեպքից մոտ երկու օր առաջ էլ՝ Ալավերդյան փողոցում են լուրջ միջադեպի կիզակետում գտնվել: Լուրեր են պտտվում, որ տղաներից մեկը ցանկանում է «գող դառնալ»: Թե ինչպես է այս միջադեպից հետո հասնելու իր նպատակին դժվար է ասել, քանի որ քրեական աշխարհում չգրված օրենք կա, որ անգամ քիլերները, եթե գնում են մարդ սպանելու, երեխայի ներկայությամբ չեն անում:
Երեկվա համարում տեղեկացրել էինք, որ տղաներց մեկը հիվանդանոցից ցանկացել էր փախչել: Պարզվում է՝ դա միակ փորձը չի եղել: Նրանք ցանկացել են կրկին դիմել փախուստի, սակայն ոստիկանները կարողացել են երկրորդ անգամ էլ կանխել եւ հիմա խիստ հսկողություն է սահմանված 1-ին համալսարանական հիվանդանոցում:
Խիստ պատիժ՝ կրակողին
Տեղեկացնենք, որ Կարո Կարապետյանի փեսա՝ Գ. Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ 10-րդ կետերով (խուլիգանական դրդումներով երկու կամ ավելի անձանց սպանության փորձ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), ինչպես նաեւ՝ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն պահելը կամ կրելը):
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ