Դիրիժոր Վարդան Հակոբյանն այն եզակի ստեղծագործողներից է, ով ակտիվորեն զբաղվում է նաեւ հասարակական գործունեությամբ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դիրիժորն ասաց, որ երբեմն հասարակական ակտիվ գործունեությունը խոչընդոտում է իր ստեղծագործական գործունեությանը, սակայն, այնուամենայիվ, փորձում է երկուսը համատեղել:
Արդեն երեք տարի է` դիրիժորը ստեղծել է «Կանդենցա» անվանումով մենակատարների խումբ, որը կրթական հաստատություններում, հատկապես դպրոցներում աշակերտներին շաբաթը մեկ անգամ մատուցում է մեր մեծերի ու դասականների գործերը: «Կարծում եմ` այս կերպ մատաղ սերնդին մատուցում ենք իսկական արվեստ, ոչ թե այն աղբը, որը մատուցվում է հեռուստաեթերից»,-ներկայացնում է դիրիժորը:
-Արդեն երեք տարի է, ինչ խումբն այցելում է կրթական հաստատություններ: Ի՞նչ արդյունքներ եք արձանագրել:
-Շատ լավ: Կան դպրոցներ, որ երկրորդ անգամ ենք այցելում: Շատ աշակերտներ մեզ հիշում են, անգամ մտաբերում այն երգերը, որոնք կատարել է մեր խումբը նրանց համար: Մենք համոզվել ենք, որ այն կարծիքը, թե հանրությունն է պահանջում վատ երաժշտություն (այսինքն` այն աղբը, որը թափվում է մեդիայից), սխալ է, այդպես չէ: 10, 11 տարեկան երեխաները հաճույքով լսում են հայկական երաժշտություն` Կոմիտաս եւ մեր մյուս մեծերին:
-Պրն. Հակոբյան, օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն ունի նոր տնօրեն, որի վերաբերյալ հակասական կարծիքներ հնչեցին: Ի՞նչ սպասելիքներ ունեք նրանից եւ Ձեր կարծիքով՝ ո՞րն է այն կարեւոր խնդիրը, որն առկա է օպերային թատրոնում:
-Քանի դեռ ոչինչ չեմ տեսել, լավի կամ վատի մասին խոսել չեմ կարող: Հիմա ատեստացիոն շրջան է: Տեսնենք՝ ինչ նոր ծրագրեր կառաջարկվեն, այն ժամանակ կխոսենք: Ինչ վերաբերում է օպերային թատրոնի առջեւ ծառացած խնդիրներին, դրանք շատ են: Ամենակարեւորը համարում եմ կադրային ճիշտ քաղաքականությունը: Ճիշտ ընտրված կադրերի շնորհիվ կարելի է մեծ հաջողությունների հասնել: Մեր երկիրն այս ողբալի վիճակում է, քանի որ կադրային քաղաքականությունը ճիշտ չի իրականացվում:
-Ի դեպ, նորանշանակ թատրոնի տնօրենը կադրային ջարդը չբացառեց:
-Կարծում եմ` ոչ թե պետք է լինի կադրային ջարդ, այլ լուրջ ատեստացիա, որի շնորհիվ պրոֆեսիոնալ երաժիշտները կմնան թատրոնում:
-Մշակույթի եւ արվեստի խնդիրների մասին շատերն են խոսում, եւ յուրաքանչյուրն իր հերթին բարձրաձայնում է այն բացը, որն առկա է: Դուք ի՞նչ բաց եք տեսնում արվեստի եւ մշակույթի ասպարեզում:
-Համակարգվածության եւ պահանջատիրության խնդիր կա, որը պայմանավորված է մշակութային քաղաքականության եւ ճիշտ ռազմավարության բացակայությամբ: Եթե առաջարկվեին խնդիրներ, դրանց լուծման համար լինեին պահանջատեր, ապա ներկայացվեր հաշվետվություն, թե առաջ քաշված խնդիրներից քանիսն են լուծվել եւ չլուծված խնդիրների համար ով է պատասխան տալու, այսօր մեր երկիրն այլ կերպ կզարգանար: Բայց քանի որ այդ պահանջատիրությունը չի եղել, մեզ մոտ լճացումն ակնհայտ է, որը մշակույթի համար կործանարար է:
Մշակութային ճիշտ ռազմավարության ու քաղաքականության համար պատասխանատու է առաջին հերթին Մշակույթի նախարարությունը: Մի օրինակ բերեմ. վերջին 15-20 տարվա մեջ ոչ մի գեղարվեստական ղեկավար աշխատանքից չի ազատվել ինչ-որ բան չանելու կամ վատ ղեկավարելու համար:
-Այսինքն` մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գործունեությունն ընդհանուր առմամբ բացասակա՞ն եք գնահատում:
-Դա իներցիայով եկած գործընթաց է: Իմ մատնանշած խնդիրները կան ոչ միայն Մշակույթի նախարարությունում, այլեւ բոլոր ոլորտներում: Սխալ ռազմավարությունն ու պահանջատիրության բացակայությունն առկա են բոլոր ոլորտներում: Մշակույթի նախարարությունը մաքսիմալ ձեւով հավանություն է տալիս իրականացվող ծրագրերին:
-Եթե մի փոքր դիրիժորության մասին խոսենք, արդյոք սերնդափոխությունը սահուն կերպո՞վ է կատարվում: Կարծես թե քիչ են երիտասարդ խմբավարները:
-Հայաստանում դիրիժորների սերնդափոխություն չի կարող լինել, քանզի որքան տեղյակ եմ` կոնսերվատորիայում փակվել է դիրիժորության դասարանն` իմ ավարտելուց հետո: Բացի այդ` պահանջարկ էլ չկա Հայաստանում, քանի որ աշխատավարձն էլ է քիչ: Ես անձամբ ինձ հազիվ եմ պահում Հայաստանում:
-Նոր կառավարությունից ու վարչապետից ի՞նչ սպասելիքներ ունեք:
-Ոչ մի, քանի որ նոր վարչապետը մշակութային ոչ մի արժեքի կրող չէ ու հետաքրքրված չէ մշակույթով: Անգամ տնտեսությամբ հետաքրքրված չէ, էդքանից հետո ես ինչ սպասելիքներ կարող եմ ունենալ:
-Վարչապետի` տնտեսությամբ հետաքրքրված չլինելու Ձեր պնդումն արդյոք չափազանցված չէ՞, հաշվի առնելով այն, որ վարչապետն անվերջ խոսում է փոքր եւ միջին բիզնեսին աջակցելու, հավասար խաղի կանոնների հաստատման մասին: Վերջերս էլ հանդիպում եղավ խոշոր գործարարների հետ:
-Այդ հանդիպմանը տեսանք` ովքեր էին մասնակցում: Նախարարներն ասում են` մենք գործարար չենք, վարչապետն էլ հավատաց: Վարչապետն ինքն է գործարար, նա տերն է ամբողջ Արարատյան դաշտի ձկնաբուծարանների ու վերամշակող կոմբինատների:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ