ՎԱՍԱԼԻԶԱՑՈՒՄ (խմբագրական)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւանում տեղի են ունեցել խորհրդակցություններ Հայաստանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ: Սակայն որքան էլ տարօրինակ է` այդ խորհրդակցությունների թեման ոչ թե Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առկա բազմաթիվ խրթին եւ կնճռոտ հարցերն են եղել, այլ … ուշադրություն` Հյուսիսային Ամերիկայի երկրների հետ հարաբերությունները:

Անկեղծ ասած` առաջին հայացքից այս տեղեկատվությունը պարզապես տարակուսելի է թվում, սակայն եթե հաշվի ենք առնում ՀՀ որդեգրած ներկայիս քաղաքական վեկտորը եւ Ռուսաստանի հետ հարաբերություններում մեր երկրի օրեցօր վասալային բնույթ ստացող կարգավիճակը` պարզ է դառնում, որ այս խորհրդակցությունները հենց այնպես չէին, եւ իր նեոկայսերական նկրտումներն այլեւս անթաքույց կերպով դրսեւորող Ռուսաստանը, փաստորեն, բացահայտ կերպով փորձում է ՀՀ իշխանություններին իր օրակարգը թելադրել նաեւ այնպիսի հարցերում, ինչպիսին Հյուսիսային Ամերիկայի երկրների` մասնավորապես ԱՄՆ եւ Կանադայի հետ հարաբերություններն են: Ավելին՝ առաջիկայում նաեւ լինելու են խորհրդակցություններ Հարավային Ամերիկայի երկրների մասով, եւ այլեւս ռուս «գործընկերներ»-ը ՀՀ իշխանություններին «հուշելու են», թե ինչ պարբերականությամբ եւ ինչպիսի ջերմությամբ նրանք պետք է գովաբանեն Հարավային Ամերիկայում Ռուսաստանի դաշնակից պետություններին, ինչպես, օրինակ, Վենեսուելան է կամ Բոլիվիան:

Իհարկե, ոմանք կարող են ասել, թե դա նորմալ աշխատանքային գործընթաց է դիվանագիտական ծառայությունների միջեւ, եւ տարբեր երկրներում տարբեր հարցերի շուրջ լինում են նման երկկողմ, նաեւ բազմակողմ դիվանագիտական կոնսուլտացիաներ: Հետեւաբար` ՀՀ եւ ՌԴ ԱԳն-ների միջեւ նման խորհրդակցությունների տակ պետք չէ այլ բան փնտրել: Խնդիրն այն է, սակայն, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը երբեւէ Ռուսաստանի հետ չի նախաձեռնել նման կոնսուլտացիաներ ոչ միայն երկկողմ հարաբերություններում առկա այնպիսի կնճռոտ հարցերի վերաբերյալ, ինչպես ՌԴ-ում հայ միգրանտների նկատմամբ դրսեւորվող անթաքույց ֆաշիզմն է, կամ էլ թշնամական Ադրբեջանին միլիարդավոր դոլարների հզորագույն զինատեսակների վաճառքը, այլեւ նման խորհրդակցություններ չեն եղել ՀՀ եւ ՌԴ` միջազգային կազմակերպություններում տարվող աշխատանքների համադրման հարցում:
Ուստի` եթե մենք դեռ վերջնականապես չենք կորցրել մեր երկրի ինքնիշխանությունը, ՀՀ ԱԳՆ-ն լավ կանի նման կոնսուլտացիաներ անցկացնի նաեւ ԱՄՆ եւ ԵՄ երկրների ԱԳՆ-ների հետ` գոնե հավասարակշռված արտաքին քաղաքականության երեւութականություն ստեղծելու համար:




Լրահոս