ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԱՄԻՍԱՐԸ ԿՈՄԻՍԱՐ ՉԷ

Քաղաքացի Արսեն Պ.-ի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հետաքննության բաժնի նախկին պետ Կամիսար Պողոսյանը, իր պաշտոնեական դիրքը չարաշահելով, Արսեն Պ.-ին «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսուչի պաշտոնին նշանակելու հարցում միջնորդելու համար վերջինից պահանջել եւ ստացել է 7000 ԱՄՆ դոլար կաշառք: Կամիսար Պողոսյանը ձերբակալվել է: Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Կամիսար Պողոսյանի գործողություններից հնարավոր է տուժած լինեն նաեւ այլ քաղաքացիներ, ովքեր կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն կամ զանգահարել 010 511-601 եւ 010 511-609 հեռախոսահամարներով: Նախաքննությունը շարունակվում է:

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԶԻՆԵԼ

Ռուսաստանն ավարտել է Ադրբեջանին 100 Ձ-90հ տանկերի խմբաքանակի առաքումը: Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության պետ Կոնստանտին Բիրյուլինը ռուսական ԶԼՄ-ների հետ զրույցում նշել է, որ առաջիկայում հնարավոր է Ադրբեջանին առաքվի երկրորդ նման խմբաքանակը, թեեւ առայժմ նման համաձայնագիր չի ստորագրվել։

ՆՈՐ «ԱՏԿԱՏՆԵՐԻ» ՇԱՆՍ

Հայաստանի ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը եւ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափփին մայիսի 23-ին վարկային ու ֆինանսավորման համաձայնագրեր են ստորագրել` կրթության եւ սոցիալական ոլորտների ծրագրերի իրագործումն ապահովելու նպատակով: Այդ համաձայնագրերով Հայաստանին կտրամադրվի 21.2մլն դոլարին համարժեք վարկ` սոցիալական պաշտպանության ծառայությունների բարելավման, եւ 30մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկ` կրթության ոլորտի բարեփոխումների նպատակով: Ասել է թե` ՀՀ իշխանություններին կտրվի հերթական տրանշը` այն գրպանելու եւ թղթի վրա զուտ դոնորին ներկայացվող հաշվետվության մակարդակով բարեփոխումներ իրականացնելու համար:

ՄԱՀԱՑԵԼ Է ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒՀԻ ԱԼԻՍԻԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ

Լոս Անջելեսում 78 տարեկանում մահացել է բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանը: Նա հիմնականում գրել է իսպաներեն, իտալերեն, հետո նաեւ հայերեն եւ անգլերեն: Նա ԱՄՆ-ի իսպանախոս Գրողների միության պատվավոր նախագահն է: Կիրակոսյանի պոեզիայի թեմատիկ առանցքն են կազմում սերը, մայրությունը, հայրենիքը եւ փիլիսոփայական խոհը: Կիրակոսյանը գերտարածական կոչվող բանաստեղծական շարժման հիմնադիրն է: Նրա պոեզիան բնորոշվում է ներաշխարհի պատկերներով, արդիական լեզվամտածողությամբ, բանաստեղծական վերաիմաստավորումների ինքնատիպությամբ: Իր վերջին շրջանի գործերում անդրադարձել է դարավերջի հայաստանյան պատմական իրադարձություններին:




Լրահոս