ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԵՆԵՏԻԿԻ ԲԻԵՆԱԼԵԻՆ
Այս տարի Հայաստանը 6-րդ անգամ կմասնակցի Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեին: Հունիսի 6-ին Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանի շենքում բացվելու է Հայաստանի տաղավարը, որը ներկայանում է «Իղձերի մայրաքաղաքը» խորագրով: Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեն այս տարի անցկացվում է «Հիմքեր» խորագրի ներքո եւ նվիրվում ճարտարապետության 1914-2014թթ. համաշխարհային պատմությանը եւ քաղաքաշինության ուսումնասիրությանը: Բիենալեին մասնակցում է 66 ազգային տաղավար: Հայկական տաղավարը հանրության առջեւ կբացվի հունիսի 7-ից ու կգործի մինչեւ նոյեմբերի 23-ը:
ԴԱԼԻԻ ԳՈՐԾԸ` «ՋՐԻ ԳՆՈՎ»
Անհայտ նկարչի այն կտավը, որը 25 տարի առաջ Իսպանիայի խանութներից մեկում վաճառվել է 150 եվրոյով, պարզվում է՝ եղել է Սալվադոր Դալիի առաջին սյուրռեալիստական կտավը, որը նա նկարել է 17 տարեկան հասակում: Արվեստագետ Տոմո Լ՚Ամոն 1988 թվականին նկարը ձեռք էր բերել Ժիրոնա քաղաքի անտիկվարային սալոնում: Հրաբխի վրա թռչող հրեշտակների պատկերող նկարը նա ձեռք էր բերել 25 հազար պեսետով (շուրջ 150 եվրո):
ՓՈԼ ՄԱՔՔԱՐԹՆԻՆ՝ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ
71-ամյա լեգենդար երաժիշտ Փոլ Մաքքարթնիին Տոկիոյում վիրուսային վարակով տեղափոխել են հիվանդանոց: Նա առողջական խնդիրների պատճառով հետաձգել է Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում այս ամիս կայանալիք մի շարք համերգներ: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ լսարանին` սիրո, խրախուսական խոսքերի, ըմբռնման եւ աջակցության համար: Հուսով եմ` շուտով կհանդիպենք»,-նշված է Մաքքարթնիի հայտարարության մեջ: