ՊՆ-ն պատասխանել է մահացած զինծառայողի մոր բաց նամակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարությունը և անձամբ ՀՀ պաշտպանության նախարարը կիսում են Սուսաննա Հարոյանի բաց նամակում արտահայտված մտահոգություններն ու հույզերը:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հանդես է եկել պարզաբանումով, որում, մասնավորապես ասվում է. «Հավաստիացնում ենք, ՊՆ-ը կիսում է որդեկորույս մոր ցավն ու վիշտը, որդու մահվան հանգամանքները պարզելու մտահոգությունը և պահանջատիրությունը: Հավատացեք, որ այս խնդրում ամենից շահագրգիռը հենց ՀՀ պաշտպանության նախարարությունն ու զինված ուժերի հրամանատարությունն է:

Եվ եթե կա մի դեպք, որն ունի իրավական հետաքրքրություն, ապա համոզված պետք է ընդգծել, որ ՀՀ ՊՆ ղեկավարության և ՀՀ զինված ուժերի հրամանատարության գերխնդիրն է հայտնաբերել և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել ցանկացած օրինախախտի` անկախ զբաղեցրած պաշտոնից, դիրքից և զինվորական կոչումից: Թե ՀՀ պաշտպանության նախարարը, թե հայոց բանակի հրամանատարությունը, թե զինված ուժերի իրավապահ մարմինները հաստատակամ են ՀՀ զինված ուժերում արձանագրված հանցագործությունները բացահայտելու, մեղավորներին պատժելու, զինված ուժերում արձանագրվող միջադեպերը նվազագույնի հասցնելու համար:

Այս տրամաբանությամբ բազմաթիվ օրինախախտներ կրել են իրենց արժանի պատիժը, և նրանցից շատ-շատերը հեռացվել են զինված ուժերի համակարգից, ինչի մասին անհրաժեշտ տեղեկատվությունը հրապարակվում է կոնկրետ գործերով դատաքննությունն ավարտվելուց հետո:

Ինչ վերաբերում է Ներսես Ղազարի Կարապետյանի գործի քննության ընթացքին, ապա դեպքի առթիվ 10.05.2014թ-ին ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 365 հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ և քննչական խմբի կողմից կատարվում է նախաքննություն:

Քրեական գործով տուժողի իրավահաջորդ է ճանաչվել Ներսես Կարապետյանի եղբայրը` Դավիթ Կարապետյանը:
Քրեական գործի նախաքննության ընթացքում հարցաքննվել են ինչպես մարտական հենակետի բոլոր զինծառայողները, այնպես էլ զորամասի մի շարք սպաներ և այլ զինծառայողներ, Ն.Կարապետյանի մայրը` Սուսաննա Հարոյանը, տուժողի իրավահաջորդը և դեպքին առնչվող տեղեկություններ ունեցող այլ անձինք:

Կատարվել են նաև մի շարք այլ անհրաժեշտ քննչական գործողություններ և նշանակվել անհրաժեշտ փորձաքննություններ: Քրեական գործով նշանակված բոլոր փորձաքննությունների եզրակացություններն ստանալուց հետո միայն հնարավոր կլինի գնահատել վկաների տրված ցուցմունքների և ձեռք բերված այլ ապացույցների արժանահավատությունը, պարզել իրականությունը և իրավական գնահատական տալ կատարվածին:

Դեպքի օրվանից սկսած նախաքննության մարմնի կողմից տուժողի իրավահաջորդին օրենքով սահմանված կարգով պարբերաբար տեղեկություններ են տրամադրվում նախաքննության ընթացքի մասին:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Գործի քննության ընթացքը գտնվում է պաշտպանության նախարարի անմիջական վերահսկողության ներքո:




Լրահոս