Այս պահին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ շարունակվում է «Բանդայի» գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ նախորդ անգամ նիստը հետաձգվել էր, քանի որ մեղադրող կողմը դատարանից ժամանակ էր խնդրել` նախապատրաստվելու համար:
Նիստի հենց սկզբից պաշտպան Արսենյանը միջնորդություն ներկայացրեց` փորձագիտական եզրակացության վերանայման մասին: Սակայն դատարանն, իր դիրքորոշումը հայտնելով, ասաց, որ նման միջնորդություն կարելի է ներկայացնել միայն այն ժամանակ, երբ արդեն հետազոտվել են բոլոր ապացույցներն ու քննությունը գտնվում է ավարտական փուլում:
Սակայն պաշտպանը, այնուամենայնիվ, ներկայացրեց իր միջնորդությունը` կասկածի տակ դնելով փորձագետի արած եզրակացության հավաստիությունը և միջնորդություն ներկայացրեց դատարանին, որպեսզի ժապավենը, որի վրայից հանել են մատնահետքը և դրա համար կիրառվող վրձիններն ու փոշին բերվեն դատարան:
Իր խոսքում մեղադրող կողմը համոզմունք հայտնեց, որ պաշտպանի ներկայացրած կարծիքները կարող են զրպարտություն և սուտ ցուցմունք դիտարկվեն, ինչն իրենից ենթադրում է քրեական հոդվածի առաջադրում պաշտպանի նկատմամբ: Մեղադրողը խորհուրդ տվեց պաշտպանին վերանայել իր կարծիքը և վստահեցրեց, որ վերջինիս դիտարկումներն ընդամենը կարծիքներ են:
«Փորձագետին կանչելով՝ դատարանի բացը չի լրացվի: Եթե պաշտպանը ցույց տա այնպիսի նորմեր, որը կպարտադրի փորձագետին հետքը վերցնել դեպքի վայրից, ես ձեռքերս կբարձրացնեմ: Ես կցանկանայի, որպեսզի միջնորդության նկատմամբ որոշումը հետաձգվեր», – ասաց մեղադրող կողմը:
Ապա դատարանը որոշեց միջնորդության քննությունը հետաձգել` պատճառաբանելով, որ այն պետք է կատարվի դատաքննության ավարտին: Այժմ դատարանն անցել է ապացույցնեռրի հետազոտմանը: