ՀԵՏՈՂՈՐՄՅԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Յուրաքանչյուր խորհրդարանական ընտրությունից առաջ քաղաքական կուսակցություններն ու իշխող վերնախավը կանգնում են իրենց շարքերը թարմացնելու եւ ունեցած մարդկային ու ֆինանսական ռեսուրսներն առավել արդյունավետ  օգտագործելու խնդրի առջեւ: Հայաստանի նման փոքր երկրում, որտեղ, չնայած քաղաքական կուսակցությունների մեծ թվին, իրական քաղաքական դերակատարները շատ չեն, մարդկային ռեսուրսի հարցը բավական լուրջ է: Եւ ՀՀԿ-ԲՀԿ ներկայիս անհաշտ մրցակցության պայմաններում հատկապես Հանրապետական կուսակցությունը ստիպված է հիշել  իրենից «աբիժնիկների» մասին` ամեն ինչ անելով, որ նրանցից առավել ազդեցիկները ոչ մի դեպքում հայացքները չուղղեն դեպի ԲՀԿ, քանի որ մինչ այժմ նրանց փոխարինողները գտնված չեն:
ՀՀԿ-ից, իսկ ավելի կոնկրետ Սերժ Սարգսյանից նեղացածների մասին խոսելիս առաջին հերթին  հիշում ենք Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, որին Սերժ Սարգսյանն, ըստ էության, պաշտոնանկ արեց` հիմնվելով սեփական փեսայի հյուսած ինտրիգների վրա: Բեգլարյանի հետ թվացյալ այրված կամուրջները, սակայն, ՀՀԿ-ն շտապեց վերակառուցել` չկորցնելու համար վերջինիս ունեցած  ֆինանսական ու մարդկային ռեսուրսները, ինչպես նաեւ ընտրակեղծիքների կազմակերպման հսկայական փորձառությունը: Անշուշտ, ՀՀԿ-ն կարող էր եւ առանց Բեգլարյանի «յոլա գնալ», պայմանով, սակայն, որ նրա ունեցած  ռեսուրսները  չէին ծառայի մրցակից ուժին: Սակայն քանի որ ստեղծված իրավիճակում նման երաշխիքներ ոչ ոք չի կարող տալ,  Սերժ Սարգսյանը  ստիպված է ամեն ինչ անել` կուսակցությունն ապահովագրելու համար նման «արտահոսքից»: ՀՀԿ-ից նեղացածների շարքում կարելի է հիշել նաեւ Էրեբունու նախկին թաղապետ  Մհեր Սեդրակյանին` Թոխմախի Մհերին, որի ունեցած ռեսուրսների եւ ազդեցության կարիքը եւս  Հանրապետականն առաջիկայում կզգա: Մեկ այլ նեղացածի` գեներալ Մանվել Գրիգորյանին,  իշխանությունները հիշեցին 2008-ին պաշտպանության փոխնախարարի պաշտոնից ազատելուց երեք տարի անց` ակտիվորեն ջանքեր գործադրելով Մանվելի ղեկավարած կառույցի` «Երկրապահ»-ի հզորացման ուղղությամբ: Ըստ ամենայնի, առաջիկայում որոշակիորեն կշահեն նաեւ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի սիրտը, քանի որ այս  պահին ՀՀԿ-ն Արարատի մարզում մնացել է Էդիկ Բարսեղյանի` Լոնդիկի հույսին, մինչդեռ հայտնի է, որ այդ մարզում հարց լուծողը կա՛մ ՀՀԿ գոյություն չունեցող շտաբի պետ  Հովիկ Աբրահամյանն է, կա՛մ Ալիկ Սարգսյանը: Առաջինը, ինչպես հայտնի է, կուսակցությունում վստահության խնդիր ունի, հետեւաբար, ավելանում են Ալիկ Սարգսյանի ետ սիրաշահման շանսերը, մանավանդ որ վերջինս առիթը բաց չի թողնում ամեն տեղ ասելու, որ ինքը Սերժ Սարգսյանի կողքին է, հետեւում եւ այլն: Ազդեցիկ նեղացածներից են շարունակում մնալ երկու Կարեն Կարապետյանները, որոնցից նախկին քաղաքապետը, թերեւս, առաջիկա ընտրություններում  որեւէ քաղաքական հավակնություն չի ունենա, իսկ երկրորդն էլ, շնորհիվ եղբոր հսկայական ազդեցության, դեռ մի որոշ ժամանակ «չի բարիշի»:




Լրահոս