ԼՃԻ ՍԱՌՈՒՅՑԸ ԿՈՏՐՎԵԼ Է. ԿԱ ԵՐԿՈՒ ԶՈՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 7-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Նորադուս գյուղական համայնքում: Սեւանա լճում` ափից ոչ հեռու, երկու տղամարդ է խեղդվել:  Նրանք կանգնած  են եղել լճի վրայի սառույցին, որը հանկարծակի կոտրվել է: Տղամարդկանցից մեկը կաթված է ստացել վախից, իսկ մյուսը ցրտահարվել է: Նրանց դիակները ջրից դուրս են հանվել գյուղի բնակիչների օգնությամբ:
Երեկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, ըստ որի`  փետրվարի 8-ին Գեղարքունիքի մարզից ԱԻՆ փրկարար ծառայությունը տեղեկություն է ստացել այն մասին, որ փետրվարի 7-ին` ժամը 14:15-ի սահմաններում, Սեւանա լճից Նորադուսի բնակիչների ուժերով դուրս են բերվել երկու երիտասարդների դիակներ:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ  մահացածները 34-ամյա Տիգրան եւ 44-ամյա Մելսիկ Ավոյաններն են: Գյուղի բնակիչները մեզ պատմեցին, որ դեպքը հանկարծակի է եղել: Տիգրանն ու Մելսիկը հորեղբոր տղաներ են, վերջիններս եւ նրանց հորեղբոր որդիներից եւս մեկը գնացել են լիճ, թե ինչ նպատակով, հարազատներին հայտնի չէ: Հարեւանները եւս տեղյակ չեն, թե ինչի համար են նրանք Սեւանի ափ գնացել, այն էլ այն դեպքում, երբ ափն ամբողջությամբ սառած է. «Չգիտենք, թե որն ա եղել դրա իմաստը, ոչ մի բան չեն ասում, ինչ իմանանք` ինչ են որոշել, բայց իրենք շատ նորմալ մարդիկ են, գյուղում իրանց բոլորն էլ ճանաչում են: Մենք մեկ էլ հանկարծ լսեցինք, որ Տիգրանն ու Մելսիկը Սեւան են գնացել ու խեղդվել: Ճիշտն ասած, սկզբից չհավատացինք, մտածեցինք` երեւի լավ չենք հասկացել, մեկ էլ հարեւաններից լսեցինք, որ որոշ մարդիկ գնացել են օգնելու, որպեսզի տղաների դիակները ջրից հանեն: Իսկապես շատ պատահաբար է եղել, անգամ իրանց տնեցիների համար, քանի որ իրանք էլ տեղյակ չեն եղել, որ իրենց տղաներն ափ են գնացել»,-պատմեց Ավոյանների հարեւաններից մեկը:
Տեղեկացանք, որ Տիգրանն ու Մելսիկը երբ մոտեցել են ափին ու նկատել, որ այն ամբողջությամբ սառած է, որոշել են սառույցի վրա քայլելով առաջ գնալ: Վերջիններս 1.5 մետր առաջ են գնացել, իսկ նրանց հետի երրորդ անձը չի հետեւել տղաների օրինակին: Մի փոքր առաջանալուց հետ սառույցը հանկարծակի կոտրվել է, արդյունքում նրանցից մեկի սիրտը վախից անմիջապես «կանգնել» է` կաթված է ստացել, իսկ մյուսն ընկել է ջրի մեջ եւ սրտի սպազմից մահացել:
«Չեն լողացել, որ ասենք` գնացել են լողանալու ու խոր են գնացել, խեղդվել,  չէ’, տենց չի եղել: Չենք իմանում, սենց ենք մտածում, որ կարող ա իջել են անտառ փայտի կամ եսիմ, չգիտեմ, մի բանի, հետո մոտեցել են Սեւանին… Բայց մի բան էլ ասեմ, հիմա ձուկ էլ չկա, որ ասենք գնացել են ձուկ բռնելու, տենց բան ա եղել: Էդ վարկածն էլ չկա, ինձ թվում ա` ուղղակի ուզեցել են տենան սառույցի շերտը հաստ ա, թե չէ, ու պատահաբար սառույցը ջարդվել ա, ու էդ պահին սիրտն ա ճաքել: Ինչքան գիտենք, արդեն դիահերձել են, ու պարզվել ա, որ ոչ թե ջուր են կուլ տվել, խեղդվել, այլ սիրտն ա ճաքել, մեկն էլ ցրտահարվել ա, դե շատ ա մնացել ջրի մեջ: Մինչեւ էկել են, որ օգնեն, ահագին ժամանակ ա անցել»,-ասաց մահացած Տիգրանի հարեւաններից մեկը: Երրորդ անձը, որը եղել է Տիգրանի եւ Մելսիկի հետ, փորձել է օգնություն ցույց տալ, սակայն տեսնելով, որ չի կարողանում, շտապել է համագյուղացիներին տեղեկացնել, որ օգնություն ցույց տան:
Հարեւանները «Ժողովուրդ»-ին պատմեցին, որ Տիգրանն ու Մելսիկն ամուսնացած էին, ամեն մեկն իր ընտանիքը, երեխաներն ուներ. «Շատ նորմալ ընտանիքներ ունեն, շատ լավ մարդիկ են, մի բան էլ ասեմ, որ սովորական իրանց շորերով են եղել, անգամ իրանց հետ մի բան չի եղել, որ ասենք` հա, գոնե գնացել էին որսի կամ նման մի բան… Նենց էլ սառած ա ջուրը,  չեք պատկերացնում, իրենք էլ մտածել են, որ սառույցը նենց հաստ ա, որ չի կոտրվի, բայց դե տեսաք` ինչ դժբախտություն ա եղել»:
Տիգրանի ու Մելսիկի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր:




Լրահոս