2007 թվականից Տավուշի մարզի Դեղձավան գյուղում 50 հա հողատարածք գտնվում է հայ-վրացական սահման հանդիսացող փշալարից այն կողմ: Այդ 50 հեկտարից 45-ը համայնքային նշանակության խոտհարքներ եւ արոտավայրեր են: Մնացած 5 հեկտարը սեփականաշնորհված վարելահող է: Գյուղացիները չեն համարձակվում փշալարից այն կողմ գտնվող հողերը մշակել, քանի որ վախենում են բռնվել վրացի սահմանապահների կողմից եւ տուգանվել: Փետրվարի 7-ին Դեղձավանի գյուղապետ Ռուբիկ Հովհաննիսյանը, գյուղի բնակիչներն այդ խնդիրն առաջադրեցին Դեղձավան այցելած Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին: Ի պատասխան` մարզպետն ասաց, որ կա փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի հանձնարարականը` փշալարից անդին սեփականաշնորհված հողեր ունեցող դեղձավանցիներին փոխհատուցել` տալով գյուղի տարածքում գտնվող այլ հողեր: Դեղձավանի գյուղապետը մարզպետին փոխանցեց, որ դեղձավանցիները համաձայն չեն նման ձեւով փոխհատուցմանը, քանի որ փշալարից այն կողմ գտնվող տարածքներն ամենաբերրի հողերն են: Տուժած 18 դեղձավանցիներն ակնկալում են այդ հողերի համար պետությունից դրամական փոխհատուցում ստանալ:
Տավուշ