ԲԼԹ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սա այն հարցը չէ, որ պետք է դրվի լայն քննարկման, իմ կարծիքով` որոշ ուժեր դրդում են բողոքի ալիքները, քանի որ, երբ մեր սովորական քաղաքացիներին հարցնենք՝ իրենց ոչ ոքին էլ դա չի հետաքրքրում»:

Տարոն Մարգարյան Slaq.am

Ի տարբերություն Երեւանի քաղաքապետի աթոռը զբաղեցնողի եւ իր կուսակիցների՝ սովորական երեւանցիները, անկախ նրանից հարցը վերաբերվում է Միկոյանի արձանին, թե տրանսպորտի սակագնի բարձրացմանը, լավ էլ հետաքրքրվում են քաղաքապետի կայացրած որոշումներով, քանի որ իրենց մայրաքաղաքին է դա վերաբերվում: Եվ զուր տեղը թող Տարոն Մարգարյանը չփորձի ձեւացնել, թե իբր երեւանցիներն անտարբեր են, ու որոշ ուժեր են նրանց դրդում: Դրդիչներին ու դրանց պատճառներն ավելի շատ պետք է քաղաքապետի կայացրած որոշումների տողատակերում փնտրել:

 

«Ոչ ոք քաղաքացիներին չի խանգարի իրացնել կենսաթոշակային վճարումներից հրաժարվելու իրենց իրավունքը: Ընդունված օրենք կա, որին համապատասխան էլ ցանկացած քաղաքացի պետք է իրացնի իր իրավունքները»:

Արտեմ Ասատրյան News.am

Միայն օրենքի նոր ձեւակերպումը՝ պարտադիր, բայց ոչ պարտադրված, արդեն իսկ ստեղծում է բոլոր նպաստավոր պայմանները քաղաքացիներին խանգարելու համար: Եվ այդ ինչպես չի խանգարի, երբ դեռ մինչ այսօր, ըստ շրջանառվող լուրերի, որոշ հիմնարկներում պարտադիր կերպով գանձում են կուտակայինը: Բացի այդ, գումարելիների տեղափոխությամբ գումարը չի փոխվում, եւ քանի այդ անիծյալ «պարտադիր» բառը առկա է, այս հարցում դրական փոփոխության մասին խոսելն ավելորդ է: Լավագույն դեպքում այս մասին կրկին ոչ համոզիչ կարող է խոսել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը:

 
«Վատ է, որ Միկոյանը ներքաշվել է ուրիշների հանցանքները արդարացնելու մեջ»:

Սամվել Նիկոյան 168.am

Սա էլ արդեն նորություն էր պատմագիտության մեջ: Պարզվում է՝ խեղճ Ա. Միկոյանին ներքաշել են այն բոլոր հանցանքների մեջ, որոնք իրեն վերագրվում են: Այսինքն՝ ինքը չի ցանկացել տասնյակ հազարավոր մարդկանց հալածել, մահվան դատապարտել, պարզապես այդպես ստացվել է՝ իր կամքից անկախ: Նույն հաջողությամբ թուրքերն էլ այսօր կարող են ասել, թե ասենք՝ իրենց ցեղասպանության մեջ ներքաշել են, հետեւաբար՝ իրենք մեղավոր չեն: Հետաքրքիր է՝ ՀՀԿ խմբակցության պատգամավորն անգիտությունի՞ց է խեղաթյուրում պատմական իրողությունները, թե՞ անկախ իր կամքից ներքաշվել է քաղաքապետարանի որոշումն արդարացնողների շարքերում:

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

 




Լրահոս