Զոհված զինվորի հորաքույրը պատմում է դեպքի մանրամասները (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Արցախի Պաշտպանության բանակի հյուսիսային (Գյուլիստան) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ժամկետային զինծառայող էր զոհվել՝ Երեւան քաղաքի բնակիչ Դերենիկ Մանուկյանը:

Ըստ Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության՝ ժամկետային զինծառայողի մահը վրա է հասել զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով, ինչը անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Մահացած զինվորը, ըստ իր բարեկամների, զինակոչվելուց ունեցել է առողջության եւ տեսողության հետ կապված լուրջ խնդիրներ, սակայն դա չի խանգարել, որ նրան ուղարկեն 1-ին գիծ՝ մարտական հերթապահաության:

«Ժողովուրդ»-ը դեպքի մանրամասները պարզելու նպատակով այցելեց զինվորի տուն:
Մեզ հետ զրույցում Դերենիկի հորաքույրը՝ Թամարա Մանուկյանը, պատմեց, որ Դերենիկը մահացել է իր ծառայակից ընկերոջ զենքի կրակոցից.

«Նա այնքան հավասարակշռված, դաստիարակաված տղա էր, որ բացառված է՝ իր ծառայակից ընկերների հետ կռիվ աներ ու արդյունքում նման բան լիներ: Երբ հեռուստատեսությամբ լսեցի այդ մասին, առաջին զանգահարողը Պաշտպանության նախարարություն ես եմ եղել: Ինձ նախարարությունից ասացին, որ մեկ այլ զինվորի զենքի կրակոցից է մահացել: Երբ Դերենիկի եղբայը` Հրաչիկը, դին բերեց տուն պատմեց, թե ինչպես է եղել: Դիրքերում շատ ուժեղ անձրեւ է եկել: Զինվորների ավագն ասել է՝ տղեք, մտեք բլինդաժ ու հանձնարարել է մաքրել զենքերը: Տղեքը սկսել են մաքրել: Մաքրելուց են եղել ու ինչ-որ Դերենիկը շատ ուշ է մտել բլինդաժ ու լսվել է կրակոց: Դերենիկի եղբայրն էլ է ասում, որ պատահականություն է եղել: Տղայի դին, որ բերել են, իրենց ավագն էլ է եկել ու այս ամենն են մեզ պատմում: Մենք էլ մեզ կորցրած դեռ չենք հասկանում՝ ինչ եղավ: Բայց նաեւ մեզ հայտնեցին, որ հատուկ խումբ են ուղարկել դեպքի վայր, որ կոնկրետ հասկանան, թե ինչ է կատարվել»:

Ըստ մահացած զինվորի հորաքրոջ՝ Դերենիկի մայրը առողջական լուրջ խնդիրներ ունի եւ երբ երեկ նրան հայտնել են, որ իր որդին վիրավոր է, մորը շտապ տեղափոխել են հիվանդանոց. «Այժմ վերակենդանացման բաժանմունքում է ու չգիտենք, թե ինչ է լինելու այս ամենի վերջը: Եղբայրս իր երկու որդիներին շատ մեծ դժվարությամբ է մեծացրել, շատ դժվար պայմաններում են ապրում: Պետք է ձեզ ասեմ՝ թե՛ Դերենիկի, թե՛ Հրաչիկի աչքերը մինուս 5 տեսողության խնդիր ունեն, ակնոցներ են կրում, ողնաշարի խնդիրներ ունեին: Ու այդպես գնացել սահման են պահում: Գոնե թեթեւ ծառայության տանեին, սահման չտանեին, բայց դե արի ու տես…»:

Տիկին Թամարայից տեղեկացանք, որ Դերենիկը 1,5 տարվա ծառայող էր, իսկ եղբայրը՝ 1 տարվա. «Դերենիկը եւ իր եղբայրը` Հրաչը, նույն զորամասում էին ծառայում: Դերենիկն առաջին գիծ էր կանգնում, իսկ Հրաչիկը՝ 4-րդ գիծ: Դերենիկը մոր հետ որ խոսում էր, ասում էր՝ մամ, ես կդիմանամ, բայց դուք այնպես արեք , որ Հրաչիկը չգա ծառայության, նա չի կարա դիմանա: Սովորում էր Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում, իսկ եղբայրը՝ Երեւանի պետական համալսարանում»:

Զինվորի հորաքրոջ խոսքով՝ կատարվածը ճակատագրի հեգնանք է. «Դերենիկն ասում էր՝ մամ, ախպերս՝ Հրաչիկը, փափուկ տղա է, չի դիմանա, մի բան արեք չգա ծառայության: Դե տեսեք, որ իր մահով եղբորը չթողեց մինչեւ վերջ ծառայի»:

Հավելենք, որ փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Կա մեկ ձերբակալված: Կատարվում է նախաքննություն:

Ի դեպ, զինվորի հորաքույր Թամարա Մանուկյանն ասաց, որ իրենք բողոք չունեն կրակոց արձակած զինվորի դեմ, իսկ թե ինչ որոշում կկայացնեն Պաշտպանության նախարարությունում, իրենք ոչինչ ասել չեն կարող:

Քնար Մանուկյան

IMG_1309

tun




Լրահոս