«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Մայիսի 17-ին Երեւանում՝ «Վերնիսաժ»-ի մոտ, ավտոկայանատեղիի պատճառով հնչած կրակոցների գործը հետաքրքիր ընթացք ունի: BMW X6 մակնիշի սպիտակ ավտոմեքենան, որը դեպքի վայրում է գտնվել, անհետացել է:
Գործով մեղադրյալ Վալերի Հովհաննիսյանը գործը վարող քննիչին դիմում է ներկայացրել այն մասին, որ իրեն պատկանող X6 մակնիշի ավտոմեքենան չկա: Պարզվում է՝ ոստիկանությունը մինչ օրս չի առգրավել այն: Լուրեր կան, որ Հովհաննիսյանները կասկածներ ունեն այն մասին, թե իրենց նվեր տված այդ ավտոմեքենան տարել է ջավախցի քրեական հեղինակություն Հակոբը՝ համարելով, որ սխալ մարդու են նվիրել այն: Բայց մյուս կողմից՝ մեքենայի կորելը խիստ առեղծվածային կարելի է համարել, քանի որ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այդ օրը «Վերնիսաժ»-ի տարածքում հնչել է 13 կրակոց, որոնցից 8-ն արձակել է Գոռ Առաքելյանը (մեկ պահունակ):
Իսկ թե ինչ հանգամանքներում են դեպքի վայրում հայտնվել մնացած 5 փամփուշտները, դեռ պարզվում է: Չի բացառվում, որ կրակոցներ են հնչել նաեւ BMW-ի միջից, ու հիմա հետքերն են մաքրվում»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: