«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հուլիսին մենք ներկայացրել էինք մի վերլուծություն, որտեղ բարձրացված հարցերը ոչ միայն չստացան պատասխաններ, այլև ծնեցին նոր հարցեր։
Խոսքը ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի անունով հայտարարագրված 567 հազար 463 դրամ գնահատված արժեքով նվերի մասին էր․ մասնավոր ինքնաթիռով թռիչք դեպի Լոնդոն։ Նվերը տրամադրվել էր «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի կողմից՝ բանկի մայր ընկերության՝ Lion Finance Group-ի՝ Լոնդոնի ֆոնդային բորսայի առաջատար (FTSE 100) ինդեքսում ընդգրկվելու առիթով կազմակերպված միջոցառման շրջանակում։ Նախարարին ուղեկցում էր նաև ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Փորձելով իրականացնել ավելի խորքային ուսումնասիրություն՝ մենք վերհանեցինք վերջին մեկ տարվա ընթացքում Ֆինանսների նախարարության առաջարկով Կառավարության ընդունած որոշումները, և պատկերն աստիճանաբար սկսեց փազլի պես հավաքվել։ Այսօր անդրադառնում ենք վեր հանված փազլի ԱՌԱՋԻՆ մասին։
Այսպես․ 2026 թվականի հուլիսի 3-ին ընդունվեց օրենք ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ։ Իբրև թե բանկային ոլորտի արդյունավետ հարկման և պետական բյուջեի լրացուցիչ հարկային եկամուտների ապահովման նպատակով 2027 թվականի հունվարից սահմանվեց, որ ֆիզիկական ու իրավաբանական անձինք բանկերի բաժնետոմսերից կամ կապիտալում փայաբաժնից ստացվող շահաբաժինների համար վճարելու են լրացուցիչ շահութահարկ կամ եկամտահարկ՝ շահաբաժինների 15 տոկոսի չափով։
Պարզ լինելու համար նշենք, որ նախկինում, երբ բանկը շահաբաժին էր տալիս բաժնետերերին, ապա ֆիզիկական անձանց փոխանցելու դեպքում վճարվում էր 5% հարկ, իսկ իրավաբանական անձանց դեպքում՝ 0% հարկ։ Այս դրույթը այսօր վերաբերում է ոչ միայն բանկերին, այլև ՀՀ-ում գործող բոլոր իրավաբանական անձանց։ Այսինքն՝ ընդունվել է նոր օրենք, որը լրացուցիչ 15% հարկ է նախատեսում հենց միայն բանկերի համար։
Մի կողմ թողնելով այն հանգամանքը, թե որքանով է մտածված բանկերի լրացուցիչ հարկման այս որոշումը (բնական է, որ լրացուցիչ հարկման դեպքում բանկերը այդ բեռը տեղափոխելու են իրենց հաճախորդների վրա՝ բարձրացնելով վարկերի տոկոսներն ու գանձվող միջնորդավճարները), փաստենք, որ օրենքի հիմնական հեղինակ ՀՀ ֆինանսների նախարարությունը դիմել է մի խորամանկ քայլի, որով որոշ բանկերին տրամադրել է արտոնություն, որպեսզի նրանք այս նոր հարկը չվճարեն։
Խնդիրը այն է, որ եթե ՀՀ-ում գործող բանկի բաժնետերը ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձ է կամ ՀՀ քաղաքացի, ապա բանկը իր համար պետք է վճարի այդ 15% լրացուցիչ շահութահարկը կամ եկամտահարկը։ Բայց այ եթե բանկի բաժնետերը օտարերկրյա իրավաբանական կամ ֆիզիկական անձ է, ապա գործում են ոչ թե ՀՀ հարկային օրենսդրության պահանջները, այլ յուրաքանչյուր երկրի հետ կնքված՝ միջազգային պայմանագրի կարգավիճակ ունեցող երկակի հարկման համաձայնագրերը։ Իսկ այդ համաձայնագրերի համաձայն՝ որոշ երկրների հետ հարկման ռեժիմը բոլորովին այլ է։ Օրինակ, եթե բանկի բաժնետերը ընկերություն է Կիպրոսից, ապա բանկը պետք է վճարի … ԶՐՈ։ Եթե բաժնետերը ՌԴ-ից է, Շվեյցարիայից կամ Մեծ Բրիտանիայից, ապա պետք է վճարի ընդամենը 5%։
Այսպիսով՝ ստեղծվել է անհավասար իրավիճակ ու հարկային ռեժիմ բանկերի հայաստանյան բաժնետերերի ու օտարերկրյա բաժնետերերի միջև։ Ավելին, այդ տարբերությունը լոկ բաժնետերերին չի վերաբերում, այդ տարբերությունը վերաբերում է հենց բանկերին, որովհետև բաժնետերերը պահանջելու են բանկերից ապահովել շահույթի որոշակի մակարդակ՝ չնայելով հարկման ռեժիմին, մաքուր շահույթի տեսքով։ Այնպես, ինչպես ցանկացած քաղաքացի աշխատանքի ընդունվելիս ակնկալում է աշխատավարձի որոշակի հարկումից հետո մաքուր աշխատավարձի մակարդակ։ Մյուս կողմից, որևէ մեկը չի կասկածում, որ ֆինանսների նախարարությունը այս օրենսդրական նախաձեռնությունը մշակելու ժամանակ չի իմացել, թե ինչպիսի հարկային տարբերություն է ինքը ձևավորում։ Ինչ-ինչ, բայց հենց ֆինանսների նախարարության մասնագետները հարկային ոլորտում համարվում են ամենաբանիմացը։
Այդ դեպքում ինչո՞ւ է ֆինանսների նախարարությունը գնացել այս քայլին։
Այսպիսով՝ հանրությունը ստանում է կասկածելու շատ հիմնավորված առիթ. արդյո՞ք ՀՀ ֆինանսների նախարարի թանկարժեք վոյաժը Մեծ Բրիտանիա բերել է իր մոտ մարդկային պարտավորվածությա՞ն, թե՞ կոռուպցիոն դրսևորման մասին է։
Մեր տեղեկություններով՝ խնդիրը արդեն հասել է ՀՀ վարչապետին, որովհետև հայկական բաժնետերեր ունեցող բանկերը բարձրացրել են իրենց բողոքի ձայնը։ ՀՀ ֆինանսների նախարարը փորձել է արդարանալ՝ նշելով, որ չնայած օտարերկրյա բաժնետերերը ՀՀ-ում չեն վճարի հարկեր կամ կվճարեն 5% հարկ, այդ ներդրողները իրենց երկրներում միևնույն է պետք է վճարեն այդ երկրի շահութահարկը, ու հարկման տեսանկյունից անհավասար դաշտ չի ստեղծվել։ Այս բացատրությունը շատ մակերեսային է, ու ՀՀ ֆինանսների նախարարը շատ լավ տեղյակ է, որ օտար երկրների մի մեծ մասում կա հարկային որոշակի արտոնություն։ Մի շարք երկրներ չեն ներառում այլ երկրներում ստացված շահույթները իրենց երկրում հարկման ենթակա բազայի հաշվարկի մեջ։
Եթե այս տարբերակը ՀՀ ֆինանսների նախարարը չկարողանա անցկացնել, ապա որպես պահուստային տարբերակ հիշատակվելու է ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների պաշտպանության մասին օրենքը, որն ընդունվել է դեռևս 90-ականներին Վաչե Մանուկյանի ու HSBC բանկի համար։ Համաձայն այդ օրենքի՝ ցանկացած անբարենպաստ հարկային փոփոխություն օտարերկրյա ներդրողի համար ուժի մեջ է մտնելու միայն 5 տարի հետո։ Իսկ, ինչպես ասում է ժողովրդական ասացվածքը, 5 տարի հետո «յա էշը կսատկի, յա էշատերը»։
Ինչպես նշեցինք հոդվածի սկզբում, սա մեր բացահայտված փազլի միայն մեկ կտորն է։ Առաջիկայում մենք կավարտենք մեր ուսումնասիրության երկրորդ կտորը, որը, կարծում ենք, կամբողջականացնի Ֆինանսների նախարարի արտառոց այս կապերի մասին պատկերը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




























